Apple–ը գուցե թույլ տա օգտատերերին նախքան գնելը թեստավորել հավելվածներն ու խաղերը

WWDC շնորհանդեսից առաջ ծրագրավորողները ստեղծել են «Ծրագրավորողների միություն», որպեսի  Apple–ին առաջարկեն հավելվածների շարք`  App Store–ը զարգացնելու համար։

WIRED պարբերականը հայտնում է, որ ծրագրավորողները համախմբվել են մի կառույցի մեջ, որը ցանկանում է բարելավել  App Store–ի և  Mac App Store–ի  աշխատանքը։

Ծրագրավորողներն առաջին հերթին  Apple–ին խնդրել են օնլայն խանութներում ներդնել թեստավորման գործառույթը, որն օգտատերերին թույլ կտա նախքան դրանք գնելը որոշ շրջան փորձարկել դրանք։

Մասնագետներն անգամ առանձին կայք են ստեղծել, որտեղ բաց նամակն են հրապարակել.

«Հարգելի Apple,

Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր լավ ու գերժամանակակից հավելվածներ են ստեղծում, իրավունք ունեն դրանցով վաստակել իրենց ապրուստը։ Այդ իսկ պատճառով մենք միավորվել ենք և App Store–ը լավացնելու գաղափարի շուրջ։

Այսօր մենք խնդրում ենք  Apple–ին օնլայն հարթակի 10–ամհակին ընդառաջ,  ներդնել թեստավորման գործառույթ։ Հետագայում մենք կհրապարակենք նաև մյուս պահանջներն ու խնդրանքները։ Այդ թվում պատրաստվում ենք խնդրել պակասեցնել վճարվող հարկերը»։

Ներկայումս «Ծրագրավորողների միության» մեջ ներառված է 57 ծրագրավորող, ովքեր App Store–ում ստեղծում են 67 հավելված։ Մինչ շնորհանդեսի մեկնարկը նրանք նախատեսում են ծրագրավորողների թիվը հասցնել 1000–ի։

Պետք է նշել, որ այս պահանջները ներկայումս App Store–ում կարելի է իրագործել։Արդեն երկար ժամանակ է, որ մի շարք խոշոր ընկերություններ աշխատում են հենց այս սկզբունքով։ Բացի այդ, շատ ծրագրավորողներ ստեղծում են հավելվածների ու խաղերի սահամանփակումներով տարբերակները, որոնց գործառույթների ցանկը կարելի է մեծացնել վճարի դիմաց։ Հնարավոր է` ծրագրավորողները ցանկանում են այս գործառույթը մասսայական դարձնել և փորձում են գտնել դրա ներդրման տարբեր միջոցները։