Մեկնարկել է ClimateLaunchpad Armenia 2018–ը

Մեկնարկել է ClimateLaunchpad Armenia 2018–ը

Այսօր` մայիսի 24-ին մեկնարկել է ClimateLaunchpad Armenia 2018 «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթը: ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որն իրականացվում է ավելի քան 35 երկրներում:  Մրցույթին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը: Հայաստանում այն իրականացվում է Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կողմից ստեղծված՝ Climate KIC կրթական-նորարարական համայնքի ClimateLaunchpad ծրագրի և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

Մրցույթը մեկնարկում է երկօրյա բիզնես ճամբարով, որի ընթացքում ազգային ժյուրիի  ընտրած 10 թիմերը կսովորեն իրենց գաղափարները վերածել կենսունակ բիզնես նախագծերի։ Նաև  ձեռք կբերեն բիզնես վարելու հմտություններ:  Բիզնես ճամբարը կվարի մաքուր տեխնոլոգիաների արտադրության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող ClimateLaunchpad կենտրոնական թիմի ներկայացուցիչ Ռոն Բլումերսը (Ron Bloemers):

Երկօրյա ճամբարից հետո թիմերը կմասնակցեն արագացված խորհրդատվական դասընթացներին՝ ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար, որը տեղի կունենա ս.թ.-ի սեպտեմբերին: Ազգային եզրափակչի ընթացքում ընտրված երեք լավագույն թիմերը կմասնակցեն նոյեմբերի 1-ից 2-ը Էդինբուրգում (Շոտլանդիա) կայանալիք մեծ եզրափակչին: Մեծ եզրափակիչ փուլի լավագույն երեք  ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 և €2,500 ներդրումներ: