Լոռիում բացվեց «Սմարթ» կենտրոնը

Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը։ Կենտրոնի ստեղծման համար ծախսվել է շուրջ   5 մլն դոլար։

Կենտրոնը տեղակայված է Դսեղ և Դեբեդ գյուղերի միջակայքում: ՍՄԱՐԹ-ը  տեխնոլոգիական  մյուս կենտրոններից տարբերվելու է իր ուսումնական ծրագրով և գործելաոճով։ Այս կենտրոնի գլխավոր առանձնահատկությունը առանց տարիքային սահմանափակման ընդունեկությունն է։

 

Լոռու ՍՄԱՐԹ  այընտրանքային կրթական կենտրոնը  երեք մասից բաղկացած շինություն է, որտեղ տեղակայված են ծնողների,մեծահասակների  և երեխաների համար նախատեսված սենյակներ ու լսարաններ։

Կենտրոնի հիմնասյունը  ժամանակակից ստանդարտներին համապատասխան համակարգչային սենյակն է: Կենտրոնի կրթական ծրագիրը ներառում է իր մեջ   ռոբոտաշինության, արհեստների  ու  արվեստների կենտրոններ, առողջապահական կրթական կենտրոն ու մանկան զարգացման սենյակ:

ՍՄԱՐԹ–ում կրթական ծրագրերը տարբեր են`  կոդավորում, ծրագրավորում,  երաժշտական տեսահոլովակների ստեղծում և այլն։ Այն ամենն ինչ կապված է նորագույն ու բարձր տեխնոլոգիաների հետ կամ դրանց կիրառմամբ արտադրանք ստեղծելուն: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ  առավելություններից մեկն էլ այն է, որ մասնագետները կվերապատրաստվեն առանց տարածքը լքելու` տեղում։

Այստեղ նաև գործում է սմարթ գրադարան, որի գործառույթը կենտրոնում ներդրված բոլոր ոլորտներն իրար համակցելն ու մեկ համակարգում ընդգրկելն է։

Եռաթև ՍՄԱՐԹ-ը ունի երկու մաս՝ ՍՄԱՐԹ կենտրոն և ՍՄԱՐԹ ավան։ Վերջնում  տեղակայված են  հյուրերի համար նախատեսված սենյակներ, որոնք կարող են օրեկան 250 մարդ ընդունել ու տեղավորել։

ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի բացումը մարդաշատ է եղել։ Բացման  արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Հրավիրված էին եղել նաև մարզիկներ, հայտնի դեմքեր ու գործիչներ։

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը: