ՏիպՏուր. ճանաչողական սթիքերներ OnlineKodak ֆոտոհարթակից

Հայկական OnlineKodak ստարտափը, որը ֆոտոտպագրման առցանց  հարթակ է, ունի այժմ նոր հնարավորություններ։ Ստարտափը Հայաստանի առաջին հանրապետության 100–ամյակին ընդառաջ թողարկել է հոբելյանական սթիքերների շարք։ Սթիքերները ճանաչողական են և   ներկայացնում են Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, հրամանատարներ Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության առաջին գումարի, նամականիշի, Լեռնահայստանի խորհրդանշանի, ըստ Նժդեհի ցեղակրոնության նշանի և շատ այլ վերականգնված արժեքների պատկերներ։

Շարքում ընդգրկված  Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանշանը բավական երկար մշակման փուլ է անցել։ Նման բարդ վերամշակման  են ենթարկվել նաև խունացած նամակնիշներն ու ցեղակրոնության նշանը:

OnlineKodak–ի հիմնադիր Ջանիկ Սևոյանը նշում է.

«Մեր խնդիրն է, ոչ միայն նկարների տպագրման ծառայությամբ հեշտացնել մարդկանց կյանքը, այլ նաև կարևորել ու ցույց տալ մեր ազգային արժեքները։ ՏիպՏուրի միակ նպատակն է պատմել Հայաստանի պատմությունը կերտողների մասին ու ներկայացնել մեր ազգային արժեքները` Ցեղակրոնության նշանից մինչև Հայաստանի առաջին հանրապետության զինանշան: Սթիքերները նախատեսված են ամրցանելու համակրգիչներին և սմարթֆոններին, ինչպես նաև տարբեր մակերեսներին»։

«Տոնել նշանակում է ևս մեկ անգամ արժևորել, գիտակցել և հպարտանալ անցած ուղով»,- նշում է Ջանիկ Սևոյանը:

Հիշեցնենք, որ OnlineKodak–ը հնարավորություն է տալիս լուսանկարը տպագրելու առցանց` հրահանգ ուղարկել սմարթֆոնով կամ պլանշետով և  արդեն իրականում ստանալ լուսանկարը «Հայփոստ»-ի սուրհանդակից՝ նախընտրած վայրում։

Սյուզան Թոսունյան