Հայկական արտադրության «Խելացի Տուն»-ը արտահանվել է Եվրոպա ու Ռուսաստան

Հայկական արտադրության «Խելացի Տուն»-ը արտահանվել է Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած  առաջին նախաիծն  է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել է սկանդինավյան երկրների, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի և ՌԴ-ի դիստրիբյուտորներին: Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Մաշուրյանը նշում է, որ սարքավորումները «Made in Armenia» դրոշմը կրող եզակի hardware-ինժեներիայի արտադրանքներից են։

«Մենք կարող էինք կազմակերպել արտադրությունը ԵՄ-ում կամ Չինաստանում, սակայն մեզ համար կարևոր էր ստանալ սարքավորում, որի մասին հպարտորեն ասվեր՝ «Արտադրված է Հայաստանում»։ Մեր երկիրն արդեն ունի որակյալ ծրագրեր արտադրողի համբավ։ Հիմա ասում ենք, որ մեզ մոտ կարելի է նաև որակյալ hardware-արտադրանք ստեղծել», – նշել է նա։

Heltun-ի արտահանած առաջին խմբաքանակում են խելացի թերմոստատներ, պատուհաններ, դռներ, ժալյուզիներ, փականներ և բազմաթիվ այլ ֆունկցիաներ ղեկավարող սենսորային վահանակներ։  Ամբողջը կառավարվում է նաև պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով։

«Հայկական ընկերության արտադրանքը գրավեց  իր գեղեցիկ դիզայնով, բարձր որակով ու մրցունակ գնով։ Heltun-ի սարքավորումների նախապատվության մեջ մեծ դեր են խաղացել  մտածված ինտերֆեյսն ու սարքավորումների մեծ ֆունկցիոնալությունը։

Մոտ ժամանակաշրջանում ընկերությունը կարող է առաջատար դառնալ իր ոլորտում» – նշում է ՌԴ-ում ընկերության արտադրանքի մատակարար՝ “Умные Устройства” ընկերության տնօրեն Ս․ Պոլտորակը։


Ընկերությունն ունի ավելի քան 10 նախագծված սարք, որոնք պատրաստ են արտադրության։ Պլանավորված է հաջորդ տարի արտահանել 10 հազար սարքից բաղկացած խմբաքանակ, որի արտադրության համար ընկերությունն իր արտադրամասում աշխատողների թիվը կհասցնի 30-ի։

«Մենք համոզված ենք պահանջարկի աճի մեջ, ուստի արտադրության ծավալների մեծացման համար նոր ներդրումներ ու տեխնիկական մասնագետներ են պահանջվում», – նշում է Աշոտ Մաշուրյանը։


Խելացի Տունը առօրյա կենցաղային գործողությունների ավտոմատացման համակարգ է։ Այն ավտոմատ ղեկավարում է լուսավորումը, կլիման, դռներն ու պատուհանները, անվտանգության համակարգերը, հեռուստացույցն ու մյուս մուլտիմեդիա համակարգերը և բազում այլ սարքավորումներ։

Համակարգը մեկ ցանցում է միավորում ողջ տունը, իսկ արհեստական ինտելեկտն օգնում է ծրագրավորել այն տանտիրոջ պահանջներին համապատասխան։

Արդի համակարգերը ոչ միայն անվտանգ ու հարմարավետ կենցաղի երաշխիք են, այլ
նաև օգնում են խնայել կոմունալ ծախսերը։ «Խելացի Տուն» համակարգերի գլոբալ շուկան գնահատվում է $24 մլրդ։ Կանխատեսումների համաձայն, 2022 թվականին այն կկազմի $53 մլրդ։

Թեգեր: Armenia, HELTUN, Smart House