Վերադարձ տեխնոանցյալ. ֆլոպպի

Վերադարձ տեխնոանցյալ. ֆլոպպի

Ֆլոպին տեխնոմանների ձեռքում  հայտնվեց 1971 թվականին։ Դեվայսը՝ կյանքի կոչեց   IBM ընկերությունը, որն այդ ժամանակ անհրաժեշտություն ուներ  իր սոֆթի թարմացումներն հասցնել օգտատերերին և Ալան Շուգարտի ղեկավարությամբ աշխատող ինժեներների թիմն առաջարկեց կոմպակտ ու ճկուն դիսկետը։ Մի քանի տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվեց 80 կբայթ տարողունակությամբ, 8 դյույմանի ֆլոպին։ Սարքը   մեկ անգամյա ձայնագրության հնարավորություն ուներ։

Կիրառության տեսանկյունից դիսկետն այդքան էլ հաջողված չէր, որովհետև  նուրբ էր և շուտ էր փոշոտվում։ Եվ որոշեցին այն տեղավորել կոշտ պլաստմասի մեջ։  Արդյունքում ստացվեց այն՝ ինչը մենք բազմիցս գնել ենք կարևոր տեղեկատվությունը պահպանելու և  փոխանցելու համար։

Ու քանի որ դիսկետների հանդեպ օգտատերերի հետաքրքրությունը գնալով աճում էր, թողարկվեց նաև 256 կբայթով   տարբերակը։ 2 տարի անց՝ 1975 թվականին ֆլոպիի ծավալը հասավ 1000 կբայթի։ Միակ թերությունն, այն ժամանակ, դիսկետի չափերն էին՝ մոտ 203 մմ անկյունագիծ ուներ։ Այն կարելի էր տեղավորել մեծ պայուսակի մեջ, թեև սկզբում մտածել էին    գրպանում տեղավորելու համար։ 1976-ին, ինժեներների նոր խումբը, նախագծեց ու ստեղծեց 5․25 դյույմ անկյունագծով կրիչ։ Ինչո՞ւ հենց այդ չափը։ Պատմությունը հետաքրքիր է, քանի որ քննարկումն ընթանում էր սրճարանում, թիմը որոշեց կրիչը ստեղծել առաջինն աչքի ընկնող փոքր իրի չափով: Ընտրությունը կանգ առավ սեղանին դրված անձեռոցիկի տուփի վրա:  Նոր սարքն ստացավ մինի ֆլոպի անունը։

Իրականում, Ֆլոպին ու մինի ֆլոպին այդքան էլ չէին տարբերվում. hիմնական տարբերությունը ծավալի մեջ էր՝ 110 կբայթ, իսկ ավելի ուշ մինի ֆլոպիի ծավալը հասավ 1․2 մեգաբայթի։ Բացի այդ, այն ավելի մատչելի էր, քան նախորդը։

Ֆլոպիի արտաքին ու տեխնիկական փոփոխություններն այսքանով չսահմանափակվեցին։ 1980-ականների այն ձեռք բերեց մեզ բոլորիս հայտնի ֆորմատը՝ 3․5 դյույմ անկյունագծով՝  դիզայն առաջարկեց Sony ընկերությունը։ Սկզբնական շրջանում դիսկետը կարողանում էր տեղավորել 720 կբայթ տեղեկատվություն, բայց տարիների ընթացքում ծավալը կրկնապատկվեց և հասավ մինչև 2․88 մեգաբայթի։ Ֆլոպիի վերջնական տարբերակը գրավեց անգամ խոշոր ընկերությունների ուշադրությունն ու նրանք էլ սկսեցին  գործածել այն։ Օրինակ Apple ընկերությունը 1984-ին Մակինթոշների վրա տեղադրեց 3․5 դյույմանոց ֆլոպիի համար նախատեսված դարակներ։

Բայց, ինչպես նկատել եք, ժամանակն IT-ում արագ է թռչում։   90-ականներին ի հայտ եկան նոր կրիչներ և ֆլոպին աստիճանաբար դուրս եկավ գործածությունից: Միայն  տարիներ անց Toolbox Bodensee e.V. երիտասարդական խմբակը գտավ դրա գործածության այլ տարբերակ ՝ 3D տպիչով տպագրված մասերի օգնությամբ 49 ֆլոպի-սկավառակակիրներից   երգեհոն ստեղծեց։ Երգեհոնը կարելի էր նվագել MIDI-ստեղնաշարի օգնությամբ, կամ վերարտադրել նախապես ձայնագրված երաժշտությունը:

Սյուզան Թոսունյան