Հույն նախարարը մեղադրել է Facebook-ին նացիզմին աջակցելու և գրաքննություն սահմանելու համար

Facebook սոցիալական ցանցին մեղադրել են նացիզմին աջակցելու ու գրաքննություն սահմանելու համար, գրում է РИА Новостиգործակալությունը։

Նման հայտարարություն է արել Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը Եվրամիության անդամ երկրների արդարադատության և ներքին գործերի հարցերով նախարարների խորհրդի նիստի ժամանակ՝ խոսելով հույն լրագրող Նիկոս Բոյոպուլոսի հոդվածի՝ Facebook-ից հեռացվելու մասին։

Հունիսի 2-ին սոցցանցից հեռացվել էր Բոյոպուլոսի հոդվածը, որը պատմում էր 1941 թվականի հունիսին հունական Կրետե կղզու Կանդանոս գյուղում նացիստների կազմակերպած կոտորածի մասին, որի ժամանակ զավթիչները գնդակահարել էին 180 խաղաղ բնակչի և այրել գյուղի տները։ Այդ ժամանակվանից ի վեր գյուղը «մեռյալ գոտի» է հայտարարվել, իսկ դրա վերականգնումն արգելվել է։

Հույն լրագրողը նաև նշել է, որ այժմ Հունաստանում նացիոնալ-սոցիալիզմի գաղափարներն է վերարտադրում ծայրահեղ աջակողմյան «Ոսկե արշալույս» կուսակցությունը։

Լյուքսեմբուրգում կայացած խորհրդի նիստի ժամանակ նախարար Կոնտոնիսը հայտարարել է, որ Facebook-ի կողմից նման նյութերի գրաքննումը պատմական հիշողությունը մոռացության տալու անընդունելի միջոց է, ինչպես նաև «Ոսկե արշալույս»-ի ազգայնական գաղափարախոսության մասին տեղեկությունները թաքցնելու նպատակ է հետապնդում։

Նախարարների խորհրդի նախագահ Ջուլիան Քինգը, արձագանքելով հույն նախարարի հայտարարությանը, տեղի ունեցածը լուրջ միջադեպ է անվանել ու շեշտել է, որ այն շտապ քննության կառնվի համապատասխան հանձնաժողովի կողմից։

Հայտնի է, որ խորհրդի նիստին ներկա մյուս եվրոպացի նախարարները նույնպես աջակցել են Կոնտոնիսի քննադատական խոսքին։