Տարվա սկզբից հաքերները կրիպտոարժույթով մոտ 1.1 մլրդ դոլար են գողացել

Խոշոր կողոպուտների համար հանցագործներն օգտագործում են dark net ծրագիրը, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով  կիբերանվտանգության հարցերով զբաղվող Carbon Black ընկերությունը: Վերլուծաբանները պարզել են, որ 2018 թվականի առաջին կեսին հաքերները կրիպտոարժույթով մոտ 1.1 մլրդ դոլար են գողացել, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Carbon Black-ի փորձագետը պատմել է, որ վնասատու ծրագրերը կարելի է գնել 1 դոլարով, իսկ միջինում դրանց գինը 224 դոլար է կազմում: Նման համակարգերը հաճախ իրենց սեփական աջակցության ծառայությունն ունեն: Այդպիսի ծրագրերի շուկայի ծավալը մոտ 6.7 մլն դոլար է կազմում:

Այս տարի հաքերներն առավել հաճախ հարձակումներ են գործել կրիպտոարժույթների բորսաների վրա: Նրանք նախընտրում են Monero-ն: Այս ալթքոինն օգտագործվել է հարձակումների 44 տոկոսի դեպքում՝ բիթքոինի համեմատ դրանց գաղտնիության և գործարքներին հետեւելու բարդության պատճառով, նշել են ընկերության ներկայացուցիչները: Նրանք հավելել են, որ կրիպտոարժութային ներդրողները բանկերից աջակցություն չունեն՝ իրենց խնայողությունները պաշտպանելու համար:

«Սովորաբար մենք ապավինում ենք բանկերին: Ցանցում գործիքներ կան պաշտպանության համար, սակայն ներդրողները պետք է իմանան, թե ինչպես դրանցից օգտվել: Շատերը չգիտեն, որ այս նոր «ոսկե տենդում» ամպային դրամապանակներ են օգտագործվում, և չեն պաշտպանում իրենց գումարները»,- հավելել է Րիք ՄաքԷլրոյը:

Նրա խոսքով՝ թվային փողերի հափշտակությունները կարող են իրականացվել կազմակերպված հանցավոր կարտելների կամ մասնագետների կողմից, որոնք մենակ են գործում: Փորձագետը նշել է, որ այսպիսի կողոպուտ կարող է իրականացնել ցանկացած մարդ, այլ ոչ միայն հաքերային խմբերը: