Տեխնոլոգիաներ՝ հանուն կրթության. սահմանամերձ Բագարան գյուղում բացվել է «Արմատ» հերթական ինժեներական լաբորատորիա

Տեխնոլոգիաներ՝ հանուն կրթության. սահմանամերձ Բագարան գյուղում բացվել է «Արմատ» հերթական ինժեներական լաբորատորիա

Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմատ» ինժեներական լաբորատորիա: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 8-ին: Այստեղ Բագարանի և հարակից համայնքների աշակերտները, որոնք բավարար մաթեմատիկական գիտելիքներ ունեն, 5-րդ դասարանից կարող են անվճար սովորել ծրագրավորում, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, ինժեներական գործ: Բագարանի լաբորատորիայում կդասավանդեն Teach for Armenia ծրագրի մասնակիցները:

«Արմատի» այս լաբորատորիան հեռահաղորդակցության Ucom ընկերության օժանդակությամբ բացված 40-րդ լաբորատորիան է և  առաջինը, որը բացվել է Ucom-ի և Teach for Armenia կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Այսուհետեւ երկու կազմակերպությունները կհամագործակցեն «Տեխնոլոգիաներ հանուն կրթության» կարգախոսի ներքո: Գործընկերության նպատակն է Հայաստանի հեռավոր շրջաններում ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների ներդրումը, որտեղ աշխատում են Teach for Armenia ծրագրի մասնակիցները:

«Կրթությունը նոր հարթություն է անցնում՝ problem solving (խնդիրների լուծում): Աշակերտները լաբորատորիայում ամեն օր զբաղվելու են այդպիսի խնդիրների լուծմամբ, և  փորձը, որ ձեռք կբերեն այստեղ, նրանց համար օգտակար կլինի տարբեր ոլորտներում: Մեր ընկերությունը մշտապես գտնվում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում և սոցիալական պատասխանատվության շրջանակում կրթությանը հատուկ ուշադրություն է դարձնում»,- ասաց Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

«Շուկայի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ucom ընկերությունը երկրում ամենաինովացիոն եւ զարգացող հայկական ընկերությունն է: Այս գնահատականը չափազանց պարտավորեցնող է, ուստի մենք կարծում ենք, որ ցանկալի արդյունքի չենք կարող հասնել բացառապես ինտերնետին հասանելիություն տրամադրելու և հեռահար կառավարման պայմաններ ապահովելու ճանապարհով: Լաբորատորիաների բացումը, որոնք նպաստում են դպրոցական տարիքից ինժեներական մտածելակերպի զարգացմանը, կրթության ոլորտում ինովացիոն մոտեցման կողմնակիցների ձեռքերում է»,- նշեց Ucom ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Այս՝ արագ փոփոխվող աշխարհում, որտեղ կարեւոր դերակատարում ունեն բարձր տեխնոլոգիաները, անարդարացի է, որ հեռավոր գյուղերում բնակվող երեխաներն այս ամենին անմասն են մնում: Teach for Armenia-ի նպատակն է Հայաստանի բոլոր երեխաներին գերազանց կրթության հասանելիության տրամադրումը, եւ ես ուրախ եմ, որ Ucom ընկերության շնորհիվ կկարողանանք ինովացիաները կլիրառել, որպեսզի կրթությունն ավելի արդյունավետ ու բազմանիստ դարձնենք: Այս լաբորատորիան մեր երկարատև համագործակցության սոսկ սկիզբն է»,- իր հերթին նշեց Teach for Armenia-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը:

««Արմատ» ինժեներական լաբորատորիաներ հիմնադրելիս առաջնայնությունը տրվում է սահմանամերձ համայնքներին: Այստեղ սովորող երեխաները կհասկանան, որ կարելի է զարգանալ, լավ աշխատանք ստանալ և կարիերայի սանդուղքով վեր բարձրանալ սեփական տանից դուրս չգալով, հայրենի գյուղը չլքելով, մեզ այս հարցում կօգնեն ժամանակակից տեխնոլոգիաները: Ես վստահ եմ, որ «Արմատ» ծրագրի շուրջ մեր գործընկերների միավորումը հատուկ արդյունք կունենա: Ucom-ը և Teach for Armenia-ն այս համահայկական կրթական ծրագրի մեջ կներդնեն իրենց դրական փորձն ու ավանդը: Եվ որքան մեծ թվով ընկերություններ կոնսոլիդացվեն տեխնոլոգիական կրության շուրջ, այնքան մեր հաջողությունը մեծ կլինի»,- իր կողմից ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա հավելեց, որ Teach for Armenia-ի, մի քանի ՏՏ ընկերությունների և «Արմատ» ուսումնական ծրագրի մասնակցությամբ առաջին եւ հաջող համագործակցությունը մեկնարկել է դեռեւս հունվարին՝ Արցախի Նորաշեն համայնքում «Արմատ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրմամբ:

UITE-ի եւ Ucom-ի աջակցությամբ «Արմատ» ինժեներական լաբորատորիաների ուսումնական ծրագիրն ուղղված է Հայաստանի բոլոր դպրոցներում տեխնիկական կրթությանը նպաստելուն: «Արմատում» մշակված ծրագրերի փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների սխեմաները հանրության համար հրապարակային հասանելիություն ունեն: