Որոշակի հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կա նաեւ մեծ պոտենցիալ մյուս ոլորտներում եւս համագործակցությունը զարգացնելու եւ առաջ մղելու համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նախարարն անդրադարձել է հայ-շվեյցարական կապերի ամրապնդման հնարավորություններին: Նա ընդգծեց մեր երկրի պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերն ավելի բարելավելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռոումինգի և հեռահաղորդակցության ոլորտի գործակցության հեռանկարները, բեռնափոխադրումների ոլորտում Շվեյցարիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: