Facebook-ն այլևս զենքի գովազդ չի ցուցադրի անչափահաս օգտատերերին

Facebook-ի ղեկավարությունը մտադիր է արգելել անչափահաս օգտատերերին զենքի  գովազդի ցուցադրումը: Նման որոշումը կապված է ամերիկյան դպորցներում հաճախակի տեղի ունեցող հրաձգության հետ:

The Verge-ի փոխանցմամբ, սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչը ասել  է, որ Facebook-ում արդեն գործում է հրազենի ցանկացած գովազդի արգելքը: Սակայն հիմա արտադրողներին ոչ մի բան չի խանգարում ցուցադրել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են ատրճանակի պատյանը, ենթափողային լապտերները, լրացուցիչ փամփշտակալները: Առայժմ սև ցուցակի մեջ չեն մտել նաև զենքի տուփերը կամ նշանոցները: Ընկերության նպատակն է արգելել այդ ամենի ցուցադրումը:

Հունիսի 21-ից նշված ամբողջ արտադրանքի գովազդը կդադարեն ցուցադրել 18 տարեկանից փոքր օգտատերերին: Նշված տարիքից բարձր  լսարանի վրա կանոնը չի տարածվում:

Վերջին տարիներին ամերիկյան դպրոցներում տեղի են ունեցել հրաձգության մի քանի դեպքեր: Վերջիններից մեկը տեղի էր ունեցել մայիսի 17-ին Սանտա Ֆեի (Թեխաս նահանգ) դպրոցներից մեկում, որտեղ 17-ամյա աշակերտը սպանել էր 9 համադպրոցականների եւ ուսուցչին:

Մայիսի վերջին CNN-ը գնահատականներ էր ներկայացրել, որոնց համաձայն ամերիկյան դպրոցներում, բուհերում և այլ ուսումնական հաստատություններում 2009 թվականից ի վեր հրաձգության միջադեպերը տեղի են ունեցել 57 անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր վերցրած Յոթի խմբի մնացյալ պետությունների նույն հաստատություններում: Բերված տվյալների համաձայն՝ 2009-ի հունվարի 1-ից ընթացիկ տարվա մայիսի 21 ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է այդպիսի 288 դեպք, Կանադայում՝ 2, նույնքան՝ Ֆրանսիայում, Գերմանիայում՝ 1: Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Ճապոնիայում նման միջադեպեր չեն գրանցվել:

Facebook-ը աշխարհի առաջատար սոցցանցերից մեկն է: Նրա ամենամսյա լսարանը կազմում է 2 մլրդ-ից ավելի օգտատեր: