Բրաուզերի ընդլայնումը գողանում էր օգտատերերի բանկային տվյալները. վնասաբեր ընդլայնումներից պաշտպանվելու «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

Բրաուզերի ընդլայնումը գողանում էր օգտատերերի բանկային տվյալները. վնասաբեր ընդլայնումներից պաշտպանվելու «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ընդլայնումների Chrome Web Store խանութում հայտնաբերել են վնասաբեր ընդլայնում (extension), որն համացանցի միջոցով գողանում էր օգտատերերի բանկային տվյալները։ Հայաստանում առցանց-բանկինգի օգտատերերը գնալով շատանում են, և նրանց էլ հարկ է ավելի ուշադիր լինել ոչ միայն Chrome-ի, նաև այլ բրաուզերներ (դիտարկիչ) ընդլայնումներ տեղադրելուց։

Ըստ էության, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայտնաբերած Desbloquear Conteúdo (պորտուգալերենից թարգմանությամբ նշանակում է «արգելաբացել պարունակությունը») վնասաբեր ընդլայնումն իրականացնում էր «մարդը մեջտեղում» (Man-in-the-middle) գրոհ։ Երբ օգտատերը մտնում էր բանկի էջ, վնասաբեր սկրիպտը միացնում էր թրաֆիկի վերաուղղորդումը չարագործներին պատկանող պրոքսի-սերվերի միջոցով ։ Այդպիսով նրանք կարող էին վերլուծել թրաֆիկը՝ դրանից կորզելով իրենց հետաքրքրող տեղեկատվությունը։

Վնասաբեր ընդլայնումը նաև պարունակում էր սկրիպտներ, որոնք նախատեսված էին համացանցային էջերից օգտատիրոջ մուտքագրած այս կամ այն տեղեկատվությունը կորզելու համար։ Օրինակ, երբ օգտատերը հայտնվում էր առցանց-բանկի մուտքի էջում, վնասաբեր ընդլայնումը մուտքանվան, գաղտնաբառի և հաստատման մեկանգամյա կոդի դաշտերը ծածկում էր իր դաշտերով, որոնք ամբողջապես կրկնում էին բանկի ինտերֆեյսը (միջերես)։ Բանկ մուտքի կոճակի սեղմումից հետո ընդլայնումը մուտքագրված տվյալները կրկնօրինակում էր իր համար և միայն դրանից հետո այդ տեղեկատվությունը փոխանցում բանկային էջի իրական դաշտեր։

Վնասաբեր ընդլայնումը հաջողվել է հայտնաբերել այդ թվում նաև նրա շնորհիվ, որ այն դոմենը, որտեղ գտնվում էր ընդլայնման հրամանների սերվերը, օգտագործում էր մի քանի այլ դոմենների օգտագործած նույն IP-հասցեն, որոնք ավելի վաղ մերկացվել էին որպես վնասաբեր գործունեություն ծավալող։ Դրանով էլ ընդլայնումը գրավել էր հետազոտողների ուշադրությունը։

Chrome-ի ընդլայնումները տեղադրման ժամանակ կատարում են հասանելիության թույլտվությունների հարցում, որոնք մեծամասամբ տալիս են համակարգչում գործողություններ կատարելու անսահմանին մոտ հնարավորություններ։ Մեծամասամբ դրանց բավարար է նույնիսկ մեկ թույլտվությունը՝ «Այցելվող կայքերի բոլոր տվյալները», որն ընդլայնումներին թույլ է տալիս տեսնել և փոփոխել ամբողջ տեղեկատվությունը, որը օգտատերերը մուտքագրում են ցանկացած վեբ-կայքում։

Ծրագրային ապահովման խանութների տերերը՝ Google-ը, Apple-ը, Amazon-ը և այլք, վնասաբեր ծրագրեր մշակողների հետ տանում են մոտավորապես նույն մշտական աշխատանքը, ինչ որ պաշտպանական լուծումներ մշակող ընկերությունները։ Չարագործները գրում են վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնվում են խանութներում։ Ժամանակի ընթացքում դրանց հայտնաբերում են և խայտառակ կերպով վտարում՝ անվտանգության քաղաքականության մեջ կատարելով ինչ-որ փոփոխություններ, որպեսզի նման վնասաբեր ծրագրերը կրկին չհայտնվեն խանութում։ Դե իսկ հետո չարագործները սովորում են շրջանցել այդ քաղաքականությունը և գրել իրենց վնասաբեր ծրագրերն այնպես, որ դրանք կարողանան ինչ-որ ժամանակ անցկացնել խանութում և այդ ծրագրերը ներբեռնի ավելի շատ մարդ։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն մշտապես խորհուրդ է տալիս  տեղադրել հավելվածներ միայն պաշտոնական աղբյուրներից, սակայն դա չի նշանակում, որ այդտեղ վնասաբեր ծրագրեր ընդհանրապես չկան. պարզապես դրանք այդտեղ գոնե քիչ են, քան այլ աղբյուրներում։ Եվ եթե Google Play-ում ամեն տեսակ վնասաբեր ծրագրերն իրապես արդեն բավական հազվադեպ են հանդիպում, ապա Google Chrome բրաուզերի համար ընդլայնումների խանութում դրանք հանդիպում են շատ ավելի հաճախ։ Այնպես որ, ընդլայնումների հետ պետք է առավելագույնս զգուշավոր լինել. դրանք ամենևին էլ այդքան անվնաս չեն, ինչպես թվում է շատերին։

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն առաջարկում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն զերծ մնալ բրաուզերի համար օգտակար ընդլայնում ձևացող վնասաբեր ծրագրերից.

  • Տեղադրեք միայն այն ընդլայնումները, որոնց բացարձակապես և լիարժեք վստահում եք, այսինքն՝ դրանք պետք է մշակված լինեն վստահելի մշակողներ կողմից և ունենան լավ վարկանիշ։
  • Չարժե տեղադրել ավելորդ ընդլայնումներ, եթե չկա դրա իրական անհրաժեշությունը։
  • Եթե ընդլայնումը ինչ-որ ժամանակ ձեզ պետք է եղել, բայց այն այլևս չի օգտագործվում, ավելի լավ է այն հեռացնել, քան պահել «իսկ եթե հանկարծ պետք գա» սկզբունքով։
  • Կիրառեք հուսալի պաշտպանական լուծում, օրինակ՝ Kaspersky Internet Security։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն վերլուծության համար ավտոմատ ստանում է Chrome-ի յուրաքանչյուր նոր ընդլայնում, այնպես որ, նույնիսկ ամենանոր ընդլայնումների վնասաբեր ծրագրերն աննկատ չեն մնա։
Թեգեր: Kaspersky, virus