Currensii. հայկական արտադրության արտարժույթի փոխանակման հարթակ

Currensii հայկական ստարտափը ի սկզբանե ստեղծվել է Հայաստանում, իսկ հետո տեղափոխվել Լատվիա։ Ստարտափի հիմնադիր Վահագն Գրիգորյանը թիմը համալրելու նպատակով կարճատև այցով Հայաստանում էր։ Ittrend.am–ը բաց չթողեց առիթը և  հաջողություն գրանցած ստարտափի հիմնադրի հետ զրուցեց արվածի, ապագա անելիքների ու հաջողության գաղտնիքների մասին։

 

–Վահագն, ի՞նչ է իրենից ներկայացնում Curensii–ի հարթակը և ի՞նչ է առաջարկում օգտատերերին։

–Հարթակն  P2P մոդելով արտարժույթի փոխանակման օնլայն պլատֆորմ է, որը կապում է  արտարժույթ առնողին ու վաճառողին և  հնարավորություն է տալիս էժան տարբերակով փոխանակել դրանք։ Հարթակը որպես գաղափար  ստեղծվեց 2014 թվականին, երբ ես աշխատում էի մի ընկերությունում, որը աուդիտ էր անում ամենամեծ ֆինանասական ինստիտուտներից մեկում։ Հաստատ կհիշեք 2014–ին եղավ արտարժույթային տատանումներ և մի գիշերվա ընթացքում Կենտրոնական բանկը բարձրացրեց արտարժույթի փոխանակման կուրսը։ Դրա պատճառով այդ կազմակերպությունը, որն ուներ շա՜տ լավ տարի, մեկ օրում կորցրեց իր ամբողջ տարվա եկամուտը։ Մենք էլ աուդիտ էինք անում և տեսանք, որ կազմարեպության ներկայացուցիչները, մեղմ ասած,  ջղայնացել էին այդ ամեն ինչից` կորցրել էին եկամուտները մի հանգամանքի  պատճառով, որը բիզնեսի հետ կապ չուներ և  իրենք էլ որևէ ձևով չէին կարող ազդել այդ գործընթացի վրա։ Արդյունքում ծնվեց միտքը։Չնայած ասում էին, որ շատ կազմակերպություններ կարողանում են ռիսկերը նվազեցնել, բայց հենց ինքը ֆինանսական ինստիտուտն այդ ժամանակ ունեցավ ծանր հետևանքներ։ Սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպես կարելի է այդ  ռիսկերը կառավարել։  Միտքը մի հատկություն ունի, երբ փոքր միտքը գալիս է, քեզ հանգիստ չի թողնում և կամաց–կամաց մեծանում ու իրականանում է։ Այդպես էլ եղավ։  2016–ին արդեն սկսեցինք ակտիվ  աշխատանքները։ 2014–2016 թթ ուսումնասիրությունների  ժամանակահատված էր` փորձում էինք հասկանալ` ինչպես կարելի է այդ շուկայում ստեղծել մի հարթակ, որը չի կրկնի նախորդների սխալներն ու չի ունենա եկամուտների այդպիսի կտրուկ անկում։ Սկսեցինք կառուցել բիզնեսը։

–Ինչպիսի՞ն է հարթակի աշխատանքի սկզբունքը` ի՞նչ ռիսկեր են նվազեցված ու ինչպե՞ս օգտվել դրանից։

–Այս պահին հարթակն իր ծառայություններն առաջարկում է բիզնեսներին, որոնց փողերի շրջանառության   90%-ն արվում է էլեկտրոնային տարբերակով։ Մեր թիրախային խումբն իրավաբանական անձիք են, այլ ոչ թե ֆիզիկական։ Առաջին քայլը գրանցումն է։  Որպես ֆինանսական ինստիտուտ պետք է իրականացնենք որոշակի գործողություններ` հաճախորդին ճանաչելու համար։ Դրանից հետո  գրանցում ենք տվյալ կազմակերպությունը հարթակում, որից հետո այդ հարթակը հայտ է ուղարկում` այս օրն ինձ պետք է այսքան արտարժույթ փոխանակել, նշում է օրն ու մենք փոխանակում ենք գումարը։ Այդ գումարը փոխանցվում է պատվիրատուի հաշվին` իր նշված օրը։ Շատ պարզ մեխանիզմ է։ Արտարժույթի փոխանակման տեխնոլոգիան, որը տեսնում եք առօրյայում, տեղափոխվել է  վիրտուալ տարածք։

–Ո՞ւմ հետ եք համագործակցում։

–Հարթակն ի սկզբանե ստեղծվել է Հայաստանում, բայց իրավաբանական խոչընդոտների պատճառով մենք ստիպված եղանք փոխել մեր շուկան և 2018 թվականի փետրվարին ընդունվեցինք Startup Wise Guys աքսելերատոր։ Գնացինք Բալթյան երկրներ` Լատվիա։ Այնտեղ կազմակերպությունը համագործակցում է ամենախոշոր բանկի հետ (Բալթյան երկրների շուկայի 50%–ը պատկանում է այդ բանկին):  Իրենք մեր գործընկերն են արտարժույթի փոխանակման հարթակի շրջանակներում։ Խոշոր կազմակերպություններից կան, բայց այս շուկայի համար անծանոթ են։

–Նշեցիք, որ հարթակը ստեղծվել է Հայաստանում։ Այսինքն` շուկան ի սկզբանե հայկականն է եղել։ Հիմա չեք ցանկանո՞ւմ նորից հարթակը ներդնել Հայաստանում։ 

–Ունեցանք խնդիրներ, որովհետև հարթակը գործում է ռեգուլատիվ դաշտում։ Հայաստանի իրականությունն այնպիսին է, որ  այդքան լավ չի ընդունվում, համարվում է ռիսկ ֆինանսական ինստիտուտների համար։ Կան որոշակի օրենսրդական բացթողումներ, որոնք շտկվելու  դեպքում, մենք անպայման ներդրումներ կանենք Հայաստանում։ Այդ բացթողումները չկան Եվրոպայում։ Օրենքը կա, բայց այդ կիրառման մասով խնդիրներ կան։ Ֆինանասական ոլորտը ամենառեգուլացված ոլորտներից է և պատկան մարմինները մեզ շատ ուրախությամբ չընդունեցին։ Հիմա մենք հաջողության արդեն հասել ենք Լատվիայում։

–Ո՞րն է հաջորդ քայլը։

–Մեր հաջորդ քայլը ծառայությունների մատուցման աշխարհագրության ընդլայնումն է։  Ի դեպ, ես եկել եմ Հայաստան այդ հարցով։ Որպես` Հայաստանում ծնված ու մեծացած մարդ, ուրախ կլինեմ, որ այստեղ ունենանք նույն բիզնեսն ու աշխատատեղ ստեղծենք, բայց եթե լինի նույն դիմադրությունը մենք ստիպված կլինենք նահանջել։

–Մասնակցությունը աքսելերացիոն ծրագրին։ Ինչո՞ւ որոշեցիք հենց այդտեղ։ Արդեն բավական հաջողություններ եք  չէ՞ գրանցել։

–Այո։ Շատ պատահական ստացվեց։ Հետաքրքիր ծանոթության պատմություն է Wise Guys–ի տնօրենի հետ։ Ինձ ծանոթացրեց իմ ընկերներից մեկը, որը նախորդ սերնդի Wise Guys–ի ստարտափներից էր։ Ի դեպ հենց Ամերիկյան համալսարանում ենք ծանոթացել։ Խոսեցինք, ասաց, որ ինվեստոր է, եկել է Հայաստան ստարտափներ տանելու իրենց նոր աքսելերոացիոն ծրագրի համար։ Առաջին հայացքից վստահություն չներշնչեց ու շատ կասկածելի իրավիճակ էր։ Հետո խոսեցինք ավելի մանրամասն, գնահատելով առավելություններն ու թերությունները, հասկացանք, որ այս պահին մեր կազմակերպության համար ամենաճիշտ քայլը կլինի այդ աքսելերացիոն ծրագրին մասնակցելը։ Ու երկար ժամանակ տևեց մինչև  հասանք վերջնական փուլին։ Նախ առաջինը Հայաստանում փորձեցի իր հետ շփվել։ Միշտ նշում է տնօրենը, որ ամենակարևոր հատկանիշներից մեկն այն էր մեզ ընդունելու, որ մենք համառ էինք։ Ես անընդհատ նամակ էի գրում, եթե չէին պատասխանում էլի էի գրում, որ կանչեն Top 25–ին։ Արդյունքում հայտնվեցինք այդտեղ։ Անցանք բոլոր փուլերը, ընտրվեցինք  լավագույն 10–ի մեջ և մարտի 5–ից սկսվեց մեր աքսելերացիոն ծրագիրը։ Ամենամեծ հաջողությունը  այդ բանկի հետ համագործակցության պայմանագիրն է, որը մեծ հնարավորություն է մեզ համար ստեղծել ոչ միայն Բալթյան երկրներում, Շվեդիայում, այլ նաև Եվրոպայում գործունեություն իրականացնելու առումով։

–Ո՞ր երկրներից կան ստարտափեր, մրցակցություն կա՞։

–Երկրները բազմազան էին` Շվեդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա։ Բոլորը ֆինանսական ստարտափեր էին։ Շատ էին։

–Ի՞նչ թիմով եք աշխատել։

–Թիմն ամբողջապես կազմված է հայերից ու հիմնական ներկայացուցիչն այնտեղ ես եմ եղել։ Թիմը Լատվիայում չի եղել։ Չինաստան, Իսպանիա, անընդհատ կապի մեջ ենք եղել ու փորձել ենք անել մեր աշխատանքն արագ ու որակով։ Շատ չենք` 3–ով։ Հիմա արդեն նոր հայտեր ենք ընդունում, ցանկանում ենք թիմը մեծացնել։

–Խոսենք առհասարակ ստարտափի մասին։ Սխալների ու Հայաստանի մասին։

–Հայաստանի մասով կուզենայի այստեղի բիզնես կուլտուրայի առաջընթացն ավելի շատ լիներ, որովհետև իսկապես, երբ գնում ես, տարբերությունը շատ է զգացվում։ Լինելով այստեղ` դժվար է հասկանալ` ճիշտ ես անում քայլերդ, թե` ոչ։ Այնտեղի բիզնես կուլտուրան կապիտալիստական է` ամեն քայլդ արժեք պետք է ներկայացնի բոլորի համար` հաճախորդ, գործընկեր։  Կուզենայի այդ տարրերը լինեն այստեղ։ Սխալները այնքան շատ են, որ անընդհատ կթվենք։ Առանց դրանց չի էլ լինի առաջ գնալ։ Իհարկե, լավ կլիներ ուրիշի սխալների վրա սովորել, բայց կան տեղեր, որտեղ պետք է դու սխալվես, որ ճիշտ ուղին գտնես։

–Ո՞րն է ամենամեծ բացթողումը։

–Առաջ ես մտածում էի, որ այստեղ նստած կարող ենք հաճախորդների հետ շփվել առանց առերեսվելու` ունենալով վեբ կայք և վերջ։ Այդպես չէ։ Բիզնեսը շփում է միջավայրի հետ` ինֆորմացիա տալու ու վերցնելու առումով։ Դա էր ամենամեծ սխալը։ Չկար այդ ուղղակի կապը հաճախորդի հետ ու դժվար էր լինում հասկանալ, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի գոհացնենք ու օգնենք հաճախորդներին։ Թիմում ճիշտ մարդկանց ընդգրկելու առումով շատ սխալներ եղան։ Պետք չէ շտապել, պետք է հանգիստ ժամանակ տալ գործընկերներիդ, աշխատողներին ու քեզ։

–Ի՞նչ թիմակից չեք ունենա երբեք։

–Լավ հարց է։ Ավելի լավ է ասեմ, ով կարող է լինել մեր թիմում։ Պետք է ունենա աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվություն, եթե կա գործը, պետք է այն արվի։ Մարդկային հատկանիշների մասին չեմ խոսում, դա պարզից էլ պարզ է։ Պետք է նվիրված լինի աշխատանքին, հասկանա մեր անելիքն ու իր ներդրումն ունենա այդ գաղափարում։

Հարցացրույցը` Սյուզան Թոսունյանի