«Երևան՝ խելացի քաղաք» նախագծի շրջանակում կստեղծվեն ոլորտային տեխնոհարթակներ

«Երևան՝ խելացի քաղաք» նախագծի ռազմավարությունը կկատարելագործվի։ Մոտ ապագայում, մասնավորապես՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացման տեխնոլոգիակական հարթակների ստեղծում։ Այս մասին հունիսի 29–ին Երևանում կայացած Հայ–ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումում հայտարարել է Synopsys–ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Նրա խոսքով, հարթակները կստեղծվեն տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող քաղաքացիներին իրենց առաջարկներով հանդես գալու հնարավորություն տալու նպատակով։

«Մենք մտադիր ենք Երևանը դարձնել աշխարհի առաջադեմ քաղաքներից մեկը»,–նշել է Հովիկ Մուսայելյանը։

Նա հավելել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում են վիրտուալ ստարտափերի ստեղծում, որոնց մրցակցության արդյունքում կպարզվեն քաղաքային տնտեսության զարգացման լավագույն լուծումները։ «Տվյալ նախաձեռնության զարգացման համար վերջերս ստեղծվել է «Սմարթ սիթի» ներդրումային հիմնադրամը»,–հայտնել է Synopsys–ի գործադիր տնօրենը։