Համոզվեցի, որ Պոլիտեխնիկը ֆենոմեն չէ, այլ իրականություն». ՀՀ Նախագահ Ա. Սարգսյան

Համոզվեցի, որ Պոլիտեխնիկը ֆենոմեն չէ, այլ իրականություն».  ՀՀ Նախագահ Ա. Սարգսյան

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և ծանոթացել տեխնոբուհի ինովացիոն լուծումներին ու առաջարկներին:

Նախագահ Ա. Սարգսյանը բուհի ռեկտորի, Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի և EIF  տնօրեն Բագրատ Ենգիբարյանի  ուղեկցությամբ շրջեց գիտնական Արիկ Մելիքյանի անվան նորաբաց Անօդաչու թռչող սարքերի ուսումնահետազոտական կենտրոնում:

Շրջայցի ժամանակ Նախագահ Ա. Սարգսյանին ներկայացվեց, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Նախագահի այցն այսքանով չսահմանափակվեց, նա նաև այցելեց    Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում: Շրջեց Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով:

Նախագահ Ա. Սարգսյանը նշեց, որ իր աջակցությունը՝ որպես ՀՀ Նախագահ, պետք է լինի իր փորձառությունը, վերաբերմունքը և ուշադրությունը: Ա. Սարգսյանը իր խոսքում նշեց.

«Սա ուղակի հերթական այցելություն չէր. Ես իսկապես հետաքրքրված էի Պոլիտեխնիկով և ուզում էի տեսնել այն փոփոխությունները, որոնք եղել են այս բուհում: Սակայն այն ինչ տեսա սպասվածից ավելին էր, փայլուն էր: Ես կարող եմ վստահորեն ասել, որ Պոլիտեխնիկը ֆենոմեն չէ, այլ իրականություն: Ուրախ եմ, որ բացի բարեկարգ լսարաններից, տեսա լավ դասախոսներ և նրանց կողքին՝ փայլուն ուսանողներ»: