Հայաստանում քայլեր է արվում զարգացնել տվյալների գիտությունն ու արհեստական բանականությունը

Հայաստանում քայլեր է արվում զարգացնել տվյալների գիտությունն ու արհեստական բանականությունը

ԴիջիԹեք վերջին բիզնես ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներից մեկն էր Հայաստանում տվյալների գիտության զարգացումը, դրա ուսումնական կոմպոնենտը։

Մեր երկրում մի քանի պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ այդ մասնագիտացմամբ դասընթացներ են կազմակերպում՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան եւ այլն։ Փորձ է արվում հայաստանյան բուհական համակարգերում ներդնել տվյալների գիտությունը։ Դրան զուգահեռ մի շարք մասնավոր կազմակերպություններ նույնպես, ներգրավելով այդ ոլորտի մասնագետներին, իրականացնում են տվյալների գիտության վերաբերյալ դասընթացներ։

ԴիջիԹեք բիզնես ֆորումում հրավիրված քննարկման ընթացքում նշվեց, որ տվյալների գիտությունը փորձում է գտնել տվյալների օրինաչափությունները, եզրակացություններ անել դրանց հիման վրա։ Ուսումնասիրելով առկա տվյալները՝ կարելի է կանխատեսել ապագա զարգացումը, հասկանալ, թե համակարգը ինչպես կարող է իրեն դրսեւորել։ Մաթեմատիկական վիճակագրության մաս կազմող այս ուղղությունը՝ տվյալների գիտությունը, այսօր լայն տարածում է ստացել աշխարհում, ինչը պայմանավորված է խոշոր ընկերությունների գործունեությամբ։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները ցույց տվեցին, որ վերլուծելով ունեցած տվյալները՝ կարելի է հետաքրքիր արդյունքներ գրանցել, օպտիմալացնել բաժանորդների ծառայությունները, խնայել ժամանակ, արդյունավետ դարձնել ֆինանսների կառավարումը, հեշտացնել մարդու կյանքը եւ այլն։

Քննարկման մասնակիցները նկատեցին, որ տվյալների գիտության զարգացումը բավականին ծախսատար ու ռիսկային է։ Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետական համակարգերը չեն դիմում ռիսկերի եւ շատ դեպքերում չեն կիրառում տվյալների գիտությունը։ Այն ավելի շատ օգտագործում են ֆինանսապես ապահովված խոշոր կազմակերպությունները։

Քննարկման արդյունքում մասնակիցները եկան եզրահանգման, որ արհեստական բանականության եւ տվյալների գիտության ուսուցման մասին ինֆորմացիան պետք է էլ ավելի լայնորեն տարածել Հայաստանում՝ հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնելով այդ ուղղության մասին։ Դա կօգնի, որպեսզի ոլորտը ինքնազարգանա ու կիրառվի ամենատարբեր ոլորտներում։

Թեգեր: UATE, ԱՏՁՄ