Այբ-ում ամփոփեցին «Բարև ապագայից» միջոցառումների շարքը

«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած  «Բարև ապագայից» նախագիծը հանրության ուշադրությանը ներկայացրեց ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները։

Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել արհեստական բանականության կիրառությունն արվեստում ցուցադրության, տեսանյութերի ու տեղեկատվական այլ նյութերի միջոցով։

Միջոցառման շրջանակում այբեցիները նաև տեղում ցույց տվեցին իրենց տաղանդը` ճեպանկարների միջոցով։

Կազմակերպիչների ընտրությամբ թվով հինգ նկար արհեստական բանականության միջոցով մշակվել էին «Այբ» դպրոցի աշակերտների գեղանկարների ոճով և հաղթող հեղինակներին հանձնվեցին բացօթյա միջոցառման ընթացքում։

Նախագիծը կարևորվում էր առաջին հերթին այն պատճառով, որ ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։

Ցուցահանդեսի հեղինակները դպրոցահասակ երեխաներ էին, որոնց հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե այսօր արդեն տեխնոլոգիաներն ինչ դեր ունեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել էր դեռ մայիս ամսին, երբ «Ռոստելեկոմի» հետ համատեղ «Այբ» դպրոցում անցկացվեց կլոր սեղան-քննարկում, որն ուղեկցվեց նաև արհեստական բանականության կողմից մշակված պատկերների ցուցադրությամբ։