Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար նոր դռներ են բացվում

Բլոկչեյն տեխնոլոգիայի միջազգային ոլորտային կազմակերպությունների հետ սկիզբ դրած համագործակցության արդյունքում Հայաստանում զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն այս դաշտի ներկայացուցիչների համար: Բելառուսի բլոկչեյն ասոցիացիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Նևադա նահանգի բլոկչեյնի ասոցիացիաների  և Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի միջև վերջին ամսում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շուրջ կնքվել են համագործակցության հուշագրեր՝ հետևյալ ուղղություններով ձևավորած համաձայնություններն ամրապնդելու նպատակով`

  • Ներդրումների խթանում բլոկչեյն լուծումներ կիրառող և այլ նորարական ընկերություններում ու կառույցներում,
  • Բիզնեսների միջև կապի ու համագործակցությունների ստեղծում և դեպի միջազգային շուկա ուղիների ու հարթակների մշակում,
  • Փորձնակների, ստարտափների, ձեռներեցների, կազմակերպությունների, ներդրողների և այլ կառույցների համընդհանուր տվյալների բազայի մշակում,
  • Փորձի փոխանակման, հետազոտական, կրթական և այլ միջազգային ծրագրերի իրագործում, աշխատանքային խմբերի ու միջոցառումների կազմակերպում,
  • Նորարար տնտեսական միջավայրի ձևավորում` բլոկչեյն լուծումների կիրառությամբ` կրիպտոարժույթների գլոբալ դաշտին հեշտ ինտեգրվելու նպատակով:

«Սա լավ հնարավորություն է տեղի կազմակերպությունների, ընկերությունների ինչպես նաև անհատների համար բլոկչեյնի միջազգային համայնքում ընդգրկվելու, գործունեություն ծավալելու և իրենց պոտենցիալն ընդլայնելու համար նշում է Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը:

Հետևելով բլոկչեյն տեխնոլոգիաների ներկայիս դինամիկ աճին ու բազմակողմանի զարգացմանը՝ միասնական ծրագրերի շրջանակներում կիրականացվեն փորձի և կադրերի փոխանակումներ կողմ երկրների միջև: «Հայաստանը հիանալի հնարավորություններ ունի բելառուսական ընկերություններում փոխշահավետ աշխատատեղերի ստեղծման և մասնագետների վերապատրաստման հարցում,» նշում է Բելառուսի բլոկչեյնի ասոցիացիայի տնօրեն Ստանիսլավ Բասկոն:

Չսահմանափակվելով ներկայիս գործընկերների ցանկով, որոնց թվում են նաև Կրիպտոարժույթների ու բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB), Կրիպտոարժույթների և բլոկչեյնի ռուսական ասոցիացիան (RACIB), Հայաստանում մտավոր սեփականության իրավատերերի ակումբը, Nooor-ը շարունակում է նոր համագործակցությունների շուրջ աշխատանքները:  Հայաստանում գործող խոշոր կառույցների հետ մշակվող կրթական ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների մասին նորությունները կհայտարարվեն շուտով: