Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով

Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել  համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով

Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։  2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։

2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների միջին հաշվով 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%։

«Հայաստանը հաստատուն քայլերով վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Դա վկայում է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճի մասին, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի օգտատերերը ավելի հաճախ են մտնում վնասաբեր բովանդակությամբ կայքեր։ Վեբ-սպառնալիքներից օգնում են պաշտպանվել միայն զգոնությունը և սարքում վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծման առկայությունը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։