First Global Armenia թիմը մեկնեց Մեխիկո

First Global Armenia թիմը մեկնեց Մեխիկո

Այսօր First Global Armenia թիմը մեկնում է Մեխիկո մասնակցելու FIRST Global միջազգային ռոբոտաշինության առաջնությանը։ Հիշեցնենք, որ «Արմաթ» կրթական ցանցի տարբեր մարզերից կազմավորված թիմը օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնի Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում: Մրցույթին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից, ովքեր պետք է ստեղծեն ռոբոտ՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ լուծելու համար։

Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային և ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն և կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաև պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։

Հայաստանի թիմը  մեկնել է հետևյալ կազմով` Վահագն Զարգարյան (Արծվաբերդ), Նոնա Թելունց (Գորիս), Լիլի Խաչիկյան (Սիսիան) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյան (Սիսիան, «Արմաթի» խմբավար)։