Օգտատերերի մեծամասնությունը ենթարկվում է կիբեռսթրեսի. ելքը սեփական թվային կյանքը վերահսկելն է

Օգտատերերի մեծամասնությունը ենթարկվում է կիբեռսթրեսի. ելքը սեփական թվային կյանքը վերահսկելն է

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տվյալների արտահոսքերի մասին նորությունները, գաղտնաբառերի կառավարման և սարքերի անվտանգության խնդիրները դառնում են օգտատերերի սթրեսի պատճառ։ Այսպես, նրանցից շատերը մշտապես լարված են՝ անհանգստանալով տեղեկատվության անվտանգության համար. հարցվածների 69%-ն ընդունել է, որ սթրես են տանում՝ կարդալով տվյալների արտահոսքի մասին նորություններ։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն շաբաթ մամուլը բարձրաձայնում է հերթական արտահոսքի մասին՝ այդ գործոնը սկսում է ազդել օգտատերերի բարօրության վրա։

Փորձագետները հետաքրքրվել են հոգեբաններից, թե ինչու է կիբեռհանցավորությունը դարձել սթրեսի գործոն։ Վյուրցբուրգի համալսարանի հոգեբան Ֆրանկ Շվաբը դա այսպես է բացատրում. «Սթրեսը, որն առաջանում է տվյալների արտահոսքերի նման արտաքին իրադարձությունների և այնպիսի բաների մասին անհանգստությունից, որոնցից դուք գլուխ չեք հանում (օրինակ՝ ինչպես ավելի լավ պաշտպանել սեփական տեխնիկան), կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Որոշակի անհանգստությունից, ակնհայտ է, չես խուսափի։ Սակայն իրավիճակը հսկողության տակ վերցնելը միանգամայն իրական է, երբ խոսքը կիբեռսթրեսի մասին է»։ Ամեն ինչ հանգում է այն բանին, որ օգտատերերն անօգնական են զգում, երբ խոսքը թվային կյանքի պաշտպանության մասին է։

Դա հաստատում է նաև «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը. մարդիկ առավել շատ վախենում են տանը (58%), քան աշխատավայրում (48%) կիբեռգրոհի զոհ դառնալուց։  Ըստ երևույթին, դա բացատրվում է նրանով, որ նրանք առցանց սպառնալիքներից պաշտպանության հարցերում հույսը դնում են իրենց գործատուների վրա (68%)։

Սակայն, այդ տարածված կարծիքը մոլորություն է։ Մարդիկ համարում են, որ կարելի է չսևեռվել կորպորատիվ սարքերի և հաշվեգրերի անվտանգության վրա, բայց դաժան իրականությունն այն է, որ կիբեռհանցագործները գերադասում են գրոհել հենց կազմակերպությունների վրա. չէ որ առանձին մարդկանց վրա գրոհները շատ ավելի պակաս շահութաբեր են։ Եվ իրենց գրոհներում նրանք օգտագործում են թույլ օղակը՝ աշխատակիցներին։

Այդ պատճառով ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում օգտատերերը պետք է նույնչափ ուշադիր վերաբերվեն իրենց տվյալների անվտանգությանը. զգուշություն դրսևորեն կասկածելի նամակների նկատմամբ, այցելեն միայն վստահելի կայքեր և օգտագործեն գաղտնաբառերի մենեջեր, որը կօգնի ստեղծել հուսալի և չկրկնվող գաղտնաբառեր։

Ի դեպ, հարցման ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն կատարել է ևս մեկ հետաքրքրիր դիտարկում. մարդիկ այնքան էլ չեն վստահում գաղտնաբառերի մենեջերին սարքեր (8%), հաշվեգրեր մուտքի (6%), ինչպես նաև բանկային քարտերի տվյալների տեղեկատվության պահպանման առումով (3%) ։ Փոխարենը նրանք պատրաստակամությամբ այդ հարցերը կվստահեն իրենց կյանքի ուղեկցին (համապատասխանաբար՝ 53%, 47% և 47%)։

Բազմաթիվ կազմակերպությունների սերվերներով սփռված գաղտնի տեղեկատվության նման ճնշող ազդեցությունը և բազմազանությունը հաշվի առնելով՝ տրամաբանական է ենթադրել, որ դրա կառավարումը նույնպես սթրես է առաջացնում. հարցվածների 66%-ը խոստովանել է, որ իրենց ճնշում է այն հանգամանքը, թե ինչ մեծ ծավալի անձնական տեղեկություններ են ստիպված պահպանել առցանց։

Սակայն եթե օգտատերը լրջորեն զբաղվի իր կիբեռանվտանգությամբ, կարող է վերադարձնել հսկողությունն իրավիճակի նկատմամբ, մասամբ ազատվել անհանգստությունից  և զբաղվել ավելի առօրեական խնդիրներով։ Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի տրամադրած մի քանի խորհուրդները օգտատերերին կօգնեն նվազեցնել կիբեռսթրեսի մակարդակը։

  • Տվյալները վերցնել հսկողության տակ. հեռացնել չօգտագործվող հաշվեգրերը (օրինակ՝ հին գրանցումները սոցիալական ցանցերում, առցանց խանութներում և այլ ծառայություններում)։
  • Եթե օգտատիրոջ տվյալները հասանելի են դարձել հանրությանը, անհապաղ փոխել գաղտնաբառերը։ Գաղտնաբառերի լավ մենեջերը էապես կթեթևացնի նման խնդիրները։
  • Զգուշություն դրսևորել հղումը սեղմելու կամ ներդրված ֆայլերը (նիշք) ներբեռնելու կոչ անող նամակների և հաղորդագրությունների նկատմամբ։ Ֆիշինգային նամակները հաշվեգրերի վարկաբեկման գլխավոր պատճառներից են։ Եթե ինչ-որ բան կասկածելի է թվում, ավելի լավ է ոչնչի վրա չսեղմել։
  • Միացնել հակավիրուսային պաշտպանություն բոլոր սարքերում, որպեսզի նվազեցվի վտանգավոր նամակներից կամ վեբ-կայքերից վարակվելու հավանականությունը։
  • Առանձին կոշտ սկավառակի կամ սարքի վրա գրանցել անհատական տվյալների պահեստային կրկնօրինակները։ Շորթող ծրագրերը դեռևս մնում են լուրջ սպառնալիք. միշտ ավելի լավ է վերաապահովագրվել։