Ի՞նչ սպասել կրիպտոարժույթների շուկայից

Ո՞րն է ճիշտ ժամանակը կրիպտոարժույթներում ներդրում կատարելու կամ դրանք փոխարկելու համար, ու առհասարակ՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջիններիս գինը: Սրանք ոլորտով հետաքրքրվողների թոփ հարցերից մի քանիսն են, որոնց անդրադառնալով՝ մասնագետները պարզաբանում են շուկայի ներկայիս իրավիճակն ու տալիս կանխատեսումներ: Ներկայացնենք ավելի մանրամասն:

Վերջին շրջանում կարող էինք արձանագրել, որ  հիմնական կրիպտոարժույթների գները քիչ թե շատ սկսել են կարգավորվել` տատանվելով գրեթե նույն միջակայքում: Սակայն բացառություն է կազմում այժմ շուկայի երկրորդ ամենամեծ կապիտալով կրիպտոարժույթը՝ Էթերիումը, որը վերջերս երկու շաբաթվա ընթացքում կրկնակի արժեզրկվեց: Այս հատկանշական դեպքի հիմնական պատճառը, թերևս, վերջին մեկ տարվա ընթացքում Էթերիումի հարթակի միջոցով, դոլարային արտահայտությամբ, հարյուրավոր միլիոններ հավաքագրած ICO նախագծերն են: Վերջիններս սկսել են վաճառքի հանել իրենց ներգրաված Էթերները` բարձրացնելով առաջարկը շուկայում: Պետք է նշել, որ 2018 թվականի սկզբից Էթերն արժեզրկվել է համարյա 6 անգամ:

Սպասողական վիճակը շուկայում

Իրադրությունը դիտարկենք Բիթքոինի վերաբերյալ:

Այս հարցի շուրջ պարզաբանումներ է տվել և տեսակետ հայտնել Double Sirius Capital   մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիր Արթուր Էոլյանը:

Ըստ Էոլյանի, եթե SEC-ի (U.S. Securities and Exchange Commission – ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով) կողմից ընդունվի և խրախուսվի բիթքոինի ETF-երը (Exchange Traded Fund – բորսաներում վաճառվող ներդրումային ֆոնդ) և այն հասանելի դառնա  բոլոր ցանկացողների համար, ապա կրիպտոարժութային շուկան շատ արագ տեմպերով կաճի, մասնավորապես բիթքոինը, որին կհետևեն մյուս արժույթները, ինչպես դա տեղի ունեցավ, երբ թույլատրվեց բիթքոինի ֆյուչերսը:

«Ամեն անգամ, երբ SEC-ը մերժում է հերթական որևէ դիմում ETF-ի վերաբերյալ, բիթքոինի գինը համապատասխանաբար անկում է ապրում: Թեև բոլորը հասկանում են, որ հանձնաժողով ներկայացվում են մեծ քանակով այդպիսի դիմումներ, և որ դրանցից շատերի  հետևում քիչ հայտնի ընկերություններ են կանգնած, և ի սկզբանե պարզ է, որ նրանց դիմումները չեն բավարարվի, այնուամենայնիվ, շուկան բավականաչափ զգայուն է և այդպես է արձագանքում այս իրադարձություններին»,- նշում է փորձագետը:

Նշենք, որ օրերս, ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայտարարություն է տարածել այն մասին, որ կվերանայի նախկին դիմումները, և հնարավոր է` որոշները բավարարվեն: Մերժման պարագայում հաջորդ այդպիսի դիմումները հնարավոր կլինի ներկայացնել միայն մյուս տարի:

Ինչ վերաբերում է այլընտրանքային թոքեններին` ալտքոիններին, կարելի է ասել, որ ամբողջ շուկան նույնպես աճելու է, պարզապես որոշներն ավելի արագ քան մյուսները: Հայտնի քոիններից կարելի է նշել էթերիումը (ETH), որի գնաճն, ըստ կանխատեսումների, բավականին բարձր է լինելու:

Կա ևս մի հարց, որ հետաքրքրում է շատերին:

Ինչպե՞ս է ձևավորվում կրիպտոարժույթի գինը

Ինչպես ցանկացած ապրանքի դեպքում, այնպես էլ կրիպտոարժույթի գինը որոշվում է համապատասխան առաջարկի ու պահանջարկի հարաբերությունով: Այստեղ, ի տարբերություն ավանդական արժույթների, չկան գինը կարգավորելու հստակ մեխանիզմներ, ինչպես օրինակ դրամավարկային քաղաքականությունը: Այլ կերպ ասած, կրիպտոարժույթն արժե այնքան, որքան դրա համար պատրաստ է վճարել գոնե մեկ գնորդ:

Իհարկե, բացի առաջարկից և պահանջարկից, կրիպտոարժույթի գնի վրա ազդեցություն ունի դրա շուրջ ձևավորվող աղմուկը: Մասնավորապես, մարդիկ շուկայում առաջնորդվում են սպասումներով: Եթե նրանք սպասում են, որ կրիպտոարժույթի գինը որևէ պատճառով աճելու է, այն իսկապես աճում է, և հակառակը, բացասական սպասումների պարագայում՝ նվազում է: Նման գնային տատանում տեղի է ունենում, քանի որ գնի աճի սպասումների պարագայում վաճառողները հրաժարվում են վաճառել սպասվածից ցածր գնով, այսպիսով կրճատելով առաջարկը, իսկ գնորդները պատրաստ են գնել ավելի բարձր գնով, հետևաբար` պահանջարկը բարձր է: Նույնը ճիշտ է նաև գնի նվազման վերաբերյալ աղմուկի պարագայում: Եթե վաճառողները ցանկանում են հնարավորինս շուտ «ազատվել» արժեզրկվող ակտիվից, առաջարկը շուկայում մեծանում է, և նրանք պատրաստ են ավելի ցածր գնով լիկվիդացնել իրենց կրիպտոարժույթները: Հետևաբար կրիպտոարժույթի գինը նվազում է:

Բիթքոինի գինն ըստ փուլերի

Բիթքոինը վերը նկարագրածի վառ օրինակն է: Եթե դիտարկենք դրա գնային տատանումը ըստ փուլերի, ապա առաջին փուլ կարելի է համարել  2009-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածը: 2013 թվականի ապրիլի 1-ին բիթքոինը առաջին անգամ հատեց 100 ԱՄՆ դոլարի շեմը այն պարագայում, երբ տարին սկսվել էր մինչ այդ տևական ժամանակ ստաբիլ համարվող 12 ԱՄՆ դոլար փոխարժեքից: 2013 թվականը հատկանշական էր նաև նոյեմբեր ամսի վերջին 1000 ԱՄՆ դոլարի շեմի հատումով (1 բիթքոինը վաճառվեց 1240 ԱՄՆ դոլար փոխարժեքով): 2013 թվականին բիթքոինի գնի ձևավորման վրա ազդեցություն են ունեցել Կիպրոսի և Չինաստանի հետ կապված իրադարձությունները, բայց սա արդեն այլ պատմություն է:

Բիթքոինի արժեքի տատանման երկրորդ փուլ կարելի է համարել 2014 թվականից  մինչ 2017 թվականի սկիզբ ընկած ժամանակահատվածը: Այս տարիների ընթացքում բիթքոինի գինն աստիճանաբար 1000 ԱՄՆ դոլարից դարձավ գրեթե 200 ԱՄՆ դոլար, իսկ 2017 թվականի հունվար ամսի առաջին օրերին, աստիճանաբար բարձրանալով,  կարողացավ կրկին հատել 1000 ԱՄՆ դոլարի շեմը:

2017 թվականի  աշնանից սկսվեց բիթքոինի երրորդ փուլը, երբ մեծ տարածում գտավ կրիպտոարժութային «տենդը»:  2017 թվականի դեկտեմբերին 1-ին բիթքոինի գինը գրեթե հատեց 20,000 ԱՄՆ դոլարի շեմը` կանգ առնելով 19,783.06 ԱՄՆ դոլար փոխարժեքի վրա: Այդ պահից սկսած` մենք այժմ գտնվում ենք այսպես կոչված շուկայի կոռեկցիա` ճշգրտման, փուլում, երբ գները անկում են ապրում` կարճատև վերելքներով:

Թե ինչքան կլինի բիթքոինի փոխարժեքը 2018 թվականի վերջին, ինչպես նաև 2019-2020 թվականներին, կախված է մի շարք հանգամանքներից, մասնավորապես քաղաքական, ֆինանսա-տնտեսական որոշումններից, շուկայական հարաբերություններից, կրիպտոարժույթների մասսայականացումից և այլն:  Մասնագետների կանխատեսումներն ու վերլուծությունները հույս են տալիս կարծելու, որ շուկան, այնուամենայնիվ, կաճի: Իսկ մեզ մնում է սպասել հետաքրքիր զարգացումների նոր շրջանի:

Նյութը` NOOOR հայկական բլոկչեյն ասոցիացիայից