Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը

Սեպտեմբերի 7-ին՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդնանյանը՝ ողջունելով ֆորումի մասնակիցներին, նշել է. «Մենք բոլորս միեւնույն հայացքներն ենք կիսում և նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում: ԱՄՆ-ն տեխնոլոգիական լիդեր երկրներից է, եւ մենք էլ տեխնոլոգիական բազմակողմանի զարգացման ուղին ենք բռնել՝ փոխշահավետ համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Հայկական ընկերությունների ծառայությունների շուրջ 60 տոկոսը արտահանվում է ԱՄՆ. Հայաստանը նաեւ պրոդուկտ է արտահանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ աշխատատեղեր են ստեղծվում թե՛ Հայաստանում, եւ թե՛ Միացյալ նահանգներում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է:

 

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է. «Սիլիկոնյան հովտի «տուն» հանդիսացող Կալիֆոռնիա նահանգի եւ Հայաստանի հայթեք ընկերությունների միջեւ, իհարկե, աշխատանքային կապեր կան, սակայն դրանք համակարգված չեն: Վստահ ենք, որ այս ֆորումի շրջանակում՝ Կալիֆոռնիայի օրենսդիրների եւ Սիլիկոնյան հովտի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդյունավետ քայլեր կձեռնարկենք»:

Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոն ասաց. «Սա իմ երկրորդ այցն է: Ուրախ եմ կրկին գտնվել Հայաստանում, հատկապես նման դինամիկ դելեգացիայով։ Անչափ ոգեւորված ենք տեսնել Հայաստանում PicsArt-ը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, Թումո ստեղծարար կենտրոնը, Impact Hub-ը. այս ամենը չափազանց ոգևորիչ է.  մենք Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ ենք տեսնում»:

Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Էվան Լոուն, ով ներկայացնում է Սիլիկոնյան հովիտը, ընդգծել է. «Սիլիկոնյան հովտի հաջողությունը պայմանավորված նաև բազմազան մշակույթների գործոնով, որտեղ էլ մեծ դեր է խաղում Կալիֆոռնիայի հայ բնակչությունը»: Լոուն նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքում գործարար հաջողություններ կարձանագրեն:

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի շրջանակում պանելային քննարկում է անցկացվել, որի խոսնակներն էին TechNet ավագ փոխնախագահ Անդրեա Դեվեաուն, Կալիֆոռնիա նահանգի սենատոր Հենրի Սթերնը, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամներ Աութում Բըրքը և Էվան Լոուն, Տրանստպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: Քննարկմանը մասնակցել են նաև ամերիկյան և հայկական առաջատար այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի նպատակը գործարար կապերի հաստատումն ու ներդումային հնարավորությունների ձեռքբերումն է: Ֆորումի շրջանակում IUNetworks, Haktech, OGMA, EGS, GlobalAM, Optym, Shtigen, Owlfinity և OddEye ընկերությունները ամերիկյան գործարարներին ներկայացրել են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները:

Հայ-ամերիկյան ֆորումում կներկայացվել է նաև թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային ՏՏ ամենախոշոր միջոցառումը՝ 2019-ին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) օրակարգային թեմաները, բացի այդ՝ պաշտոնապես հայտարարվել է նաև WCIT 2019-ի նախնական գրանցման մասին: