WCIT 2019–ին զուգահեռ կստեղծվի նաև Ազգային վենչուրային հիմնադրամ. Հակոբ Արշակյան

WCIT 2019–ին զուգահեռ կստեղծվի նաև Ազգային վենչուրային հիմնադրամ. Հակոբ Արշակյան

Հայաստանում 2019-ը տեխնոլոգիապես հագեցած տարի է լինելու: Մեզ մոտ է գալիք տարում  անցկացվելու է համաշխարհային մասշտաբի տեխնոմիջոցառումներից մեկը՝ WCIT 2019-ը։ Հոկտեմբերրի 6-9 ժամանակահատվածում Հայաստան կժամանեն ավելի քան 2000 ՏՏ հայտնի ընկերություններ ու գործիչներ:

Սեպտեմբերի 7-ին կայացած Հայ-ամերիկյան ֆորումի շրջանակում արդեն ներկայացվել է ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի օրակարգային թեմաները: Բացի այդ արդեն տրվել է նախնական գրանցման պաշտոնական մեկնարկը: Գրանցվել կարելի է այստեղ ։

Այս կապակցությամբ ittrend.am-ը հանդիպել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնակարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի հետ և մի քանի հարց ուղղել, թե ինչ է սպասվում 2019 հոկտեմբերի 6-9 Հայաստանում:

 

-Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում 2019 թվականին սպասվելիք WCIT 2019 միջոցառմանը: Պետությունն ունենալո՞ւ է իր ներդրումը ոչ միայն ֆինանսապես, այլ նաև բովանդակային առումով:

– Ընդհանրապես, գնահատելով ԱՏՁՄ-ի դերը, չէի ուզենա թերագնահատենք նաև պետության դերը, որովհետև WCIT 2019պետական մասշտաբի միջոցառում է ու պետությունն անդամավճար է տալիս և ֆինանսական հսկայական աջակցությունն է ցուցաբերում  այս միջոցառման անցկացման նպատակով: Ինչ վերաբերում է մեր բովանդակային մասնակցությանը, այս պահին  որոշ նախագծեր կան: Քանի որ մեծ միջոցառում է և  համաշխարհային մասշտաբի մարդիկ ու ընկերություններ են գալու, պլանավորում ենք, ի շահ Հայաստանի և ի շահ Hitech ոլորտի, ընդգրկուն այլ միջոցառումներ նույնպես իրականացնել համաժողովի շրջանակում: Հիմա մի փոքր շուտ է  խոսելը ամբողջական տեսքի մասին, ԱՏՁՄ-ի հետ աշխատանքներ ենք տանում միջոցառման կազմակերպչական մասի վերաբերյալ:

-Մի քանի բառով խոսենք դրանց մասին:

– Պլանավորում ենք մեծ միջոցառումից առաջ կամ հետո նաև կազմակերպել տարածաշրջանային մեծածավալ Startup Summit՝ Ազգային վենչուրային ֆոնդի մասնակցությամբ, եթե այդ ժամանակահատվածում արդեն հասցրած լինենք այն ձևավորել:

-Այսինքն՝ վենչուրային ֆոնդը ստեղծում է պետությունը և այն պատկանելո՞ւ է բացառապես պետությանը:

– Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության կազմում, հունիսին Կանադա և ԱՄՆ գործուղումների ընթացքում ներկայացրել եմ Ազգային վենչուրային ֆոնդի ծրագիրը, որտեղ պետության մասնակցությունը պլանավորվում է 50+1 տոկոսով Այսինքն՝ Հայաստանի հանրապետությունը ունենալու է 51 տոկոս բաժնեմաս, իսկ մնացած  49 տոկոսը պատկանելու է  տարբեր ներդրողներին: Այստեղ կարող են լինել և՛ անհատ գործարարներ, ֆոնդեր և՛ այլ վենչուրային կազմակերպություններ:

-Նշում եք, որ պետությունը ունենալու է առյուծի բաժինը՝ ենթադրելի՞ է, որ ֆոնդում ընդգրկվեն պետական այրեր:

-Այստեղ պետական դեմքեր չեն լինելու ներգրավված, այլ պետությունը բերելու է իր ուժի և ազդեցության շրջանակներում այնպիսի մարդկանց, որոնք այդ ֆոնդն իսկապես ազդեցիկ ու աշխատող կդարձնեն։

 

-Ի՞նչ ձևաչափով պետք է աշխատի ֆոնդը՝ նպատակին ծառայելու համար:

-Պետք է լինի պրոֆեսիոնալ վենչուրային   ֆոնդի գործառույթներով՝ պրոֆեսիոնալ կառավարիչով, բորդով, մենք ներգրավելու ենք ոլորտի համաշխարհային գերաստղերին: Անուններ չեմ ուզում տալ, նոր ենք սկսել բանակցել նրանց հետ:

-Ինչո՞վ է զբաղվելու Ազգային վենչուրային հիմնադրամը:

– Հիմնադրամը ներդրումներ է կատարելու այն ստարտափ ընկերություններում, որոնք գործունեություն են ծավալում արհեստական բանականություն, կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, կիբեր անվտանգություն, բլոկչեյն տեխնոլոգիաների ոլոտում, արդյունաբերության կիրառական այնպիսի ճյուղերում ինչպիսիք են՝ մեքենշինություն, առողջապահություն, պաշտպանություն, ռոբոտաշինություն, 5G կապի տեխնոլոգիաներ:

-Իսկ Ալեքսիս Օհանյանի մասնակցությունը հաստատվե՞լ է, Հայաստան կատարած այցի ժամանակ Վարչապետը,կարծես թե, նրան հրավիրել է 2019-ին Հայաստան՝ WCIT-ին մասնակցելու համար:

-Չեմ կարող ասել: Տեղյակ չեմ, տեղեկատվություն էլ չունեմ այդ մասին: Եթե հաստատվի,  մենք անպայման կտեղեկացնենք դրա մասին:

 

 

WCIT-ը IT ամենալայնամասշտաբ միջոցառումներից մեկն է, որն ընդգրկում է գրեթե բոլոր երկրները: Համաժողովին նույն հարկի տակ երեք օր հավաքվում են աշխարհին հայտնի ՏՏ գործարարները, գիտնականները, տեխնո համալսարանների ներկայացուցիչները և ստարտափները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն իր մեկնարկը սկսել է 1978 թվականից: 2019-ին այն կանցկացվի Երևանում:

 

Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի