13.5 մլն դոլարի ներդրում, 30 աշխատատեղ. ամերիկյան ՏՏ ոլորտից DISQO-ն նոր մասնաճյուղ է բացում Հայաստանում

DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումնոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: Ազգությամբ հայ հիմնադիրները զարգացման նոր փուլում տեխնիկական թիմը համալրում են հայաստանյան ավագ մասնագետներով՝ գնահատելով տեղի կադրերի նորարարական պոտենցիալն ու տաղանդը: Ներկայիս թափուր աշխատատեղերը ներկայացված են պաշտոնական կայքում: Առաջին փուլով DISQO-ն կհամալրվի 30 ավագ մասնագետով:

Ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քուչարյանը, ով ունի 20 տարվա փորձ որպես տեխնիկական տնօրեն, ձեռնարկատեր, խորհրդատու և ներդրող, շուտով կժամանի Հայաստան՝ անձամբ ծանոթանալու ՏՏ համայնքի և թիմի նոր անդամների հետ:

Հատկանշական է, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճյուղ՝ արտապատվերային (outsource) թիմի փոխարեն: Սա նշանակում է, որ ընկերությունը կրկնապատկում է իր պոտենցիալն ու ուժերը նոր մեծամասշտաբ հետազոտական նախագծերի համար: Հայաստանյան թիմը կշարունակի աշխատել ներկայիս հաճախորդների, ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք աշխարհում խոշորագույնն են և ընդգրկված են Fortune 500-ի ցանկում:

«Հայկական ՏՏ համայնքն ունի որակյալ մասնագիտական ներուժ: Ուրախ ենք մեր ընկերության զարգացման վաղ շրջանում թիմը այստեղի տաղանդավոր մասնագետներով համալրելու կապակցությամբ: Վստահ ենք, որ նրանց օգնությամբ կարող ենք ստեղծել նոր գործիքներ ու պրոդուկտներ՝ միասին ընդլայնելով ընկերության մասշտաբները»,- նշում է DISQO-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը հավելում է. «Ոգևորիչ է այն փաստը, որ սա DISQO-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող առաջին հիմնական գրասենյակն է, որը հիմնվել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդյունքում։ Սրանք դեռ ընկերության առաջին քայլերն են, բայց հեռանկարներ կան ավելի ընդարձակվելու, քանի որ արդեն կրկնակի թափով ենք աշխատելու երկու հավասարապես հզոր թիմերով»:

Ընկերության հայաստանյան գրասենյակը  պաշտոնապես կգործի հոկտեմբեր ամսից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այսպիսով,  DISQO-ի  գործունեությունը նոր հեռանկարներ է խոստանում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և միջազգային շուկայի հետ երկրի տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար: