ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է WITSA Տնօրենների խորհրդի անդամ

Երևանում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) տնօրենների խորհրդի ու գլխավոր ասամբլեայի տարեկան ժողովը, որի շրջանակում Հայաստանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է որպես WITSA Տնօրենների խորհրդի անդամ:

WITSA-ն 80-ից ավելի երկրների ՏՀՏ ոլորտի ասոցիացիաների առաջատար կոնսորցիում է, որը ներկայացնում է համաշխարհային ՏՀՏ ոլորտի շուրջ 90 տոկոսը: Իսկ տնօրենների խորհրդում ընդգրկված են 21 երկրների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում WITSA անդամները քննարկել են ալյանսի գործունեության, ինչպես նաև 2019-ին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019)  օրակարգային ու կազմակերպչական մի շարք հարցեր:

Ի պատիվ WITSA և Ինֆորմացիոն ծառայությունների ինդուստրիայի ասոցիացիայի Հայաստանում գտնվող անդամների՝ այսօր կտրվի պաշտոնական ընթրիք:

WITSA անդամների շուրջ 40 երկիր ներկայացնող պատվիրակության անդամները ներկա կգտնվեն նաև հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին, կծանոթանան մասնակից ընկերությունների նորարար լուծումներին ու հայաստանյան ՏՀՏ միջավայրին: ԴիջիԹեքում կհայտարարվի նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. hոկտոմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: