Առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող երեխաների սերունդն ամփոփեց #3action մրցույթը

Առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող երեխաների  սերունդն ամփոփեց #3action մրցույթը

6-ամսյա մարզումներ, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու փորձառություն, ապագայի նոր հնարավորություններ. Գեղարքունիքի մարզի 6 դպրոցներից 64 աղջիկներ ու տղաներ մասնակցեցին #3action եռամրցաշարին` զարգացնելով իրենց գիտելիքները շախմատից, ֆուտբոլից ու ռոբոտաշինությունից:  

Եռամրցաշարը մեկնարկել էր 2018-ի մարտին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ նպատակ ունենալով օգնել համայնքների երեխաներին և երիտասարդներին՝ լինելու առողջ, զարգացած և խելացի: Ծրագիրը հնարավորություն է տվել 8 դպրոցների 64 աշակերտի սովորել ֆուտբոլ, շախմատ և ռոբոտաշինություն:

Վերջին երեք օրերին անցկացվել են եզրափակիչ մրցույթներ բոլոր երեք ուղղություններից, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղի թիմը: «Չէինք էլ կարող պատկերացնել, որ կհաղթենք այսօր: Մեզ օգնեց մեր միասնական լինելն ու արագ կողմնորոշվելը»,-տպավորություններով կիսվեց հաղթող թիմի անդամ Տաթև Դումանյանը:

«Հայրս սկզբում դեմ էր, բայց երկար համոզելուց հետո կարողացա ես էլ մասնակցել եռամրցաշարին»,-պատմում է Վարդենիկի թիմի աղջիկներից մեկը, ում ընտանիքում արդեն խնդիր չէ իր ֆուտբոլ խաղալը: Ի դեպ, այս թիմը հաղթող էր ճանաչվել շախմատի մրցաշարում:

#3action ծրագրի գաղափարի հեղինակը «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ-ն է, որը մրցույթի իրականացման համար դիմել է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությանը: Պարապմունքներն իրականացվել են ՀՀ շախմատի ֆեդերացիայի, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հկ-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Գեղարքունիքի մարզի մարզպետարանի աշխատակազմի համատեղ ջանքերով:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի եռամրցաշարն ապագայում իրականացվի ամբողջ Հայաստանում` հնարավորություն տալով բոլոր երեխաներին մասնակցել այս մրցույթին` զարգացնելով գիտելիքներն ու հմտությունները շախմատից, ֆուտբոլից ու ռոբոտաշինությունից»,-ասում է «Գուդկրեդիտ» ՈւՎԿ-ի տնօրեն Արտաշես Տոնոյանը:

«Եռամրցաշարին» մասնակցող աղջիկներն ու տղաները ձեռք բերեցին շատ կարևոր հմտություններ ու գիտելիքներ, ինչն իրենց թույլ կտա կառուցելու իրենց ապագան, կյանքի կոչելու իրենց երազանքները: Մենք այսօր ականատեսն ենք այն բանի, որ գրագետ ու գիտակ երիտասարդ սերունդն համայնքներում բարեփոխումներ է իրականացնում, իսկ վաղն արդեն նույն կրթված երիտասարդները կարող են բարեփոխել մեր երկիրն առհասարակ», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: