Apple-ը դանդաղեցնում է iPhone X-ի, iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի աշխատանքը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը որոշել է դանդաղեցնել նախորդ տարի ներկայացված iPhone սմարթֆոնների աշխատանքը: Այս բացահայտումն արվել է ընկերության iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակի թողարկումից հետո, երբ պարզվել է, որ սարքերի դանդաղեցումը դրա միջոցով է արվելու:

Ինչպես նշում է Daily Mail-ը, մի քանի ամիս առաջ Apple-ը հայտնվել էր զանգվածային քննադատության թիրախում, քանի որ պարզվել էր, որ ընկերությունը միտումնավոր դանդաղեցնում է որոշ iPhone-ների աշխատանքը: Օգտատերերը «խնձորային բրենդին» մեղադրել էին այդ տարբերակով իրենց սմարթֆոնների վաճառքի ծավալներն ավելացնելու փորձի համար: Դրանից հետո ընկերությունը հայտարարել էր, որ ներկայացված նոր մոդելներում նման բան չի արվի:

Սակայն օրերս iOS 12.1-ի թողարկումից հետո պարզվել է, որ Apple-ը ներառել է վիճահարույց գործառույթը, որն ազդում է մեկ տարի առաջ ներկայացված iPhone X, iPhone 8 և iPhone 8 Plus հեռախոսների աշխատանքի վրա:

Պարբերականն օգտատերերին խորհուրդ է տալիս մտնել Settings բաժին, այնուհետև Battery, որից հետո՝ Battery Health: Այդտեղ կերևա օգտատիրոջ iPhone-ի մարտկոցի աշխատանքային վիճակը, ինչպես նաև այն՝ արդյոք հեռախոսը դանդաղեցվում է Apple-ի կողմից: Եթե պարզվի, որ այո, ապա հարկավոր է ավտոմատ դանդաղեցման գործառույթն ապաակտիվացնել:

Նախկինում այս գործառույթն ավտոմատ միացված էր բոլոր iPhone-ներում, սակայն օգտատերերի բողոքից հետո Apple-ը iOS 11.3 օպերացիոն համակարգում հնարավորություն տվեց անջատել այն:

Սակայն iOS 12.1-ի թողարկումից հետո Apple-ը խոստովանել է, որ մարտկոցի աշխատանքի դանդաղեցման գործառույթն ակտիվացած կլինի iPhone X-ի, iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի համար: Ընկերությունից նաև նշել են, որ մարտկոցների աշխատանքի դանդաղեցումը պակաս նկատելի կլինի: