ԵՄ-ն աջակցում է Բիզնես ինովացիոն ֆորումի անցկացմանը Հայաստանում` ի թիվս այլ գործընկերների

ԵՄ-ն աջակցում է Բիզնես ինովացիոն ֆորումի անցկացմանը Հայաստանում` ի թիվս այլ գործընկերների

6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո՝ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին, «Դիլիջան» առողջարանային համալիրում:

Այս մասին այսօր հայտարարել են Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:

«Բիզնես ինովացիոն ֆորումի կամ, այսպես ասած, «Հայկական դավոսի» շրջանակում պրոֆեսիոնալների քննարկումների միջոցով կնախանշվի Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհները, ապա այն կներկայացվի պետական համապատասխան մարմիններին», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը : Կ. Վարդանյանը նաև ընդգծեց, որ ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ֆորումի շրջանակում առաջին անգամ կհնչեցնի Հայաստանի բարձր տեխնոգիաների ոլորտի զարգացման պետական կոնցեպտը:

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանն նշել է, –  «Այսօր չափազանց կարևոր է ամրապնդել և խթանել գիտություն-բիզնես կապը, ինչի արդյունքում ՏՏ և բարձր տեխնոլոգիաները ավելի կիրառական կդառնան՝ խթանելով բիզնեսի արդիականացումը և զարգացումը Հայաստանում : Կարծում ենք, որ այս ֆորումը կհանդիսանա հենց այն հարթակը, որի միջոցով կհասնենք այս նպատակին»:

Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի առանցքային թեմաներն են՝ «Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարություն», «Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում», «Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը», «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը Հայաստանի մարզերում», «Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում»: Ամբողջական օրակարգը հասանելի է bif.am կայքում:

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում կմշակվի նաև Հայաստանի արդիականացման ծրագիր:  Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ Գերմանիայից և Հնդկաստանից։

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ, իսկ նախկինում՝ ԻՏՁՄ) հիմնադրվել է 2000 թ-ին: Այն ոչ առևտրային կազմակերպություն է և Հայաստանում գործող 80-ից ավելի առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների և միջազգային կորպորացիաների միություն է:

ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: