ԵՄ աջակցությամբ 15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի

ԵՄ աջակցությամբ 15 ստարտափ արժանացել է դրամաշնորհի

Նոյեմբերի 27-ին հայտնի են դարձել ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողները։

Մրցույթն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ։

EU4Business STEP2 ծրագրի եզրափակչում իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը տեղացի եւ օտարերկրյա փորձագետներից կազմված ժյուրիին ներկայացրել է նախապես ընտրված 29 նորաստեղծ թիմ եւ կազմակերպություն:

 

Դրամաշնորհային ծրագրի հաղթող են դարձել հետեւյալ թիմերը՝

ARize Augmented  Reality Platform, Breedge, Cyber Deceptions and Honeypot Orchestration System, D’efekt, EasyDMARC, Forest Guard, ForgeFiction, Cow.Net, Lift UP, New luminescent coatings with high brightness and long afterglow, PinoKIT, RendChain, Robin the Robot, Smartlock, The Last Daredevil by Cyber Mantis Games: 

Հաղթող ստարտափները կարժանանան €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ եւ 6 ամիս տեւողությամբ դրամաշնորհի: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

«Այսօրվա հաղթողների շարքում են նախագծեր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաեւ այլ ոլորտներից, որոնք աշխարհում ամենազարգացած ուղղություններն են ներկայացնում: Սա ազդակ է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում եւ հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը երկիր է, որտեղ նորարար ստարտափ գաղափարներ են զարգանում»,- հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Մեզ համար մեծ առավելություն էր այս ծրագրի շրջանակում աշխատել ստարտափների հետ, եւ կարծում ենք, որ ՏՏ ոլորտն իսկապես աճել է վերջին տարիների ընթացքում: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ՏՏ էկոհամակարգի զարգացմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը:  

«Հայաստանի շատ երիտասարդ ստարտափ էկոհամակարգը չափազանց դինամիկ է եւ ամեն անգամ Հայաստան վերադառնալիս տպավորիչ հանդիպումներ եմ ունենում տեղական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ոլորտը արագ է զարգանում եւ յուրաքանչյուր տարի նորանոր ընկերություններ են ստեղծվում եւ սկսում իրենց ուղին դեպի շուկա: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ ոլորտի զարգացման գործում»,- նշել է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Աննե Կամառեռը:

EU4Business STEP2 ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջեւ, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:  

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը, թիմերի եւ ընկերությունների համար իրականացվել են կողմնորոշիչ միջոցառումներ, տրամադրվել է մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից:   

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը ընդգրկուն նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արեւելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար եւ ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը եւ աջակցել փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը եւ զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականության գործընթացների, բիզնես ասոցիացիաների եւ տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների եւ օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաեւ տեղական եւ համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձեւավորման նպատակով ֆինանսական եւ տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։

Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առեւտրայնացումը, ինչպես նաեւ խրախուսել գիտահետազոտական կենտրոնների եւ ՓՄՁ-ների միջեւ համագործակցությունը։

Թեգեր: EIF, Eu4b step 2