Սմարթ, փոքր և հզոր. հայկական ընկերությունը պատրաստվում է գրավել power bank-երի՝ լիցքավորիչների շուկան

Lightr-ը հավակնում է դառնալ Made In Armenia պիտակով առաջին ամենափոքր, սմարթ ու իր չափերի համեմատ ամենահզոր  լիցքավորիչը՝ power Bank-ը:  Tert.am-ը զրուցել է դրամահավաքության (fundrising) պատասխանատու Տիգրան Բազարչյանի և PR պատասխանատու Տիգրան Բունիաթյանի հետ` պարզելու, թե ինչ առավելություններ է ունենալու սարքը և ինչպես են պատրաստվում գրավել տեխնոշուկան:

-Սկսենք սկզբից՝ նման չափորոշիչներով սարքավորման գաղափարը ե՞րբ է առաջացել և ինչքա՞ն ժամանակ է պահանջվել այն նախատիպային տարբերակով ստեղծելու համար։

-Կարելի է ասել սկզբից եղել է ապրանքի գաղափարը, որի շնորհիվ էլ ձևավորվել է ընկերությունը։ Որոշեցինք համակարգել մեր գործունեությունը և 2017-ին ստեղծեցինք ընկերությունը։ Իսկ դրանից առաջ՝  ամռանը, առաջացել է սարքը ստեղծելու գաղափարը։

-Ի՞նչ հնարավորություններ ունի Lightr-ի նախատիպային տարբերակը:

-Այն հարմար լուծում է հեռախոսի լիցքավորման համար։  Ինչպես մարդիկ են ասում՝ зарядка-ի խնդիրը լուծելու լավ տարբերակ է։ Ի սկզբանե գաղափարը եղել է այսպիսին՝ փոքր չափերի մեջ ստանալ հնարավորինս մեծ հզորությամբ լիցքավորիչ ու դարձնել այն առավելագույնս հարմար։ Այսինքն՝ սարք, որը լիներ առանց լար, կոմպակտ, լիցքավորեր ցանկացած տեսակի սմարթֆոն ու նաև հետագայում՝ զարգացնելով միտքը լիցքավորեր այլ էլեկտրոնային դեվայսներ։ Վերջում ստացվեց սա։ Ունիվերսալությունը կարողանում ենք մագնիսների շնորհիվ ապահովել։

– Իսկ ապահովության առումո՞վ։ Ո՞րն է գրավականը, որ լիցքավորիչը, պատահական կամ հարվածի արդյունքում սարքից պոկվել ընկնելով, չի կոտրվի։

-Նախ սարքը պատրաստված է բարձր որակի պլաստմասից ու բավական հարվածադիմացկուն է։ Առաջնայինը դա ենք հաշվի առել, բացի դրանից, մագնիսները պատրաստելուց էլ ուշադրություն ենք դարձրել դրա բավական ամուր լինելուն, որ սմարթֆոնից չանջատվեն պատահաբար։ Մենք շուտով  հոլովակներ կթողարկենք, որտեղ կերևա մագնիսների ամրությունը։ Անփութությունը, մի խոսքով, հաշվի ենք առել։ Առավելագույնս հաշվի ենք առել, որ լիցքավորման ժամանակ օգտագործելիս նման դեպքերը բացառվեն։

-Սարքի նախնական տարբերակը  ամբողջությամբ նախագծվել  և ստեղծվել է Հայաստանո՞ւմ։

-Դե պահեստամասերը, բնականաբար, Հայաստանից չենք ձեռք բերել, ցավոք այդ հնարավորությունը չկա, բայց միտքը, հավաքելն ու ստեղծելը ամբողջությամբ Հայաստանում ենք իրականացրել։ Անգամ պլատան, պլատայի սխեմաները, դիզայնն ու ինժեներիան արվել են այստեղ։ Ուրախալի էր, որ Հայաստանում հնարավոր է նման բան ստեղծել։  Կարող ենք վստահ ասել՝ 90 տոկոսը հայկական է։

-Ի՞նչ հզորություն ունի Lightr-ի ներկայիս տարբերակը և միաժամանակ  քանի՞ սարք կարելի է դրանով լիցքավորել։

-Սմարթֆոնի լիցքավորման օպտիմալ ժամանակահատվածը կախված է սմարթֆոնի մոդելից։ Չափն ինչով է հարմար, տարբեր քանակությամբ գնելու դեպքում, տարբեր հնարավորություններ ենք տալիս՝ եթե ձեր սմարթֆոնը հզոր է դուք կարող եք երկու սարքը ձեռք բերել ավելի մատչելի տարբերակով։ Սարքը կկարողանա ցանկացած սմարթֆոն ապահովել ամբողջ օրվա համար նախատեսված լիցքավորմամբ։ Ամենափոքր գրպանի մեջ տեղավորվող լիցքավորիչ եք մի խոսքով ձեռք բերում ու իր չափերի համար բավական հզոր: Ու նաև երկրորդ տարբերակը, որտեղ ինքը բավական հարմար է՝ աշխատելիս  ու խոսելիս կիմանաք, թե ինչքան պետք է սմարթֆոնը լիցքավորեք կամ ինչքան կպահի սմարթֆոնի տվյալ պահի լիցքավորումը: Lightr-ը ազատելու է ձեզ անհարմար իրավիճակներում լար հանել, պահելուց: Հզորությունը 1500 ՄԱ է:

-Առավելություններից մեկը փոքր չափն է: Դուք նաև նշել էիք, որ այն առաջին փոքր և սմարթ լիցքավորիչն է: Ինչո՞ւմ է սովորական լիցքավորիչի սմարթ լինելն արտահայտվում:

-Մենք ունենք նաև հավելված, որը խորհուրդների միջոցով կօգնի պահպանել ու երկարացնել մարտկոցի կյանքն ու առհասարակ հուշումներ կտա՝ ինչպես սմարթֆոնը օգտագործել և այլն: Հավելվածը խելացի ծանուցումներ է ուղարկում: Սարքը սինքրոնացվում է հավելվածի հետ՝ դրանք սկսում են  միասին աշխատել: Այլ կերպ ասած՝ հավելվածը հնարավորություն է տալիս Lightr-ին և սմարթֆոնին զրույցի բռնվել: Հիմնականում զրույցը մարտկոցի վերաբերյալ է: Հավելվածը տեղեկատվություն  է հավաքագրում ու վերլուծություն  կատարում:

-Տվյալների արտահոսքի վտանգ կարծես թե կլինի՞:

-Օգտատիրոջ մասին ոչ մի տեղեկատվություն չի հավաքում, ամբողջ ինֆորմացիան մարտկոցի ամորտիզացիայի վրա է հիմնված ու կոպիտ ասած՝ հավելվածը զգուշացնում է մարտկոցի վիճակի մասին՝ ինչպես են որոշակի  հավելվածներ ազդում սմարթֆոնի մարտկոցի աշխատանքի վրա և այլն: Նաև օրացույց է կազմում, թե երբ լիցքավորման դնել ու հանել սարքը: Շատերը կմտածեն՝ լավ, լիցքավորիչին սմարթ ավելացնելու իմաստը ո՞րն է: Մարդիկ սովորել են, որ իրենց էներգիա է պետք և վերջ: Մի հետաքրքիր բան էլ ենք մտածել՝ երբ  լիցքավորիչը տալիս եք ձեր ընկերոջը, գիտեք, որ ժամը 6-ին դա ձեզ պետք է գալու: Հավելվածի միջոցով կարող եք տեսնել, թե լիցքավորիչն ինքը քանի տոկոս էներգիա ունի ու կարող եք ձեր ընկերոջը զգուշացնել, որ շատ չօգտագործի և ձեզ համար էլ էներգիա թողնի: Սմարթ բաղադրիչը օրվա մեջ օգտագործվող անհրաժեշտություն է:

-Խոսենք  հարթակում քրաուդֆանդինգի՝ գումար հավաքելու մասին: Ինչքա՞ն ժամանակ է ներկայացված սարքն այնտեղ և ինչքա՞ն ժամանակ պետք եկավ առաջին խմբաքանակի գումարը հավաքելու համար:

-Հարթակ մտանք  նոյեմբերի 21-ին, ու երկու օրից քիչ էր հարկավոր, որ ամբողջ գումարը հավաքենք: Այդ գումարի մեջ մոտ 200 սարք է ներառվելու, բնականաբար, դեռ կայքում ենք ու նախատեսում ենք ավելի շատ նախնական պատվերներ ունենալ: Ենթադրում ենք, որ արտադրանքը կշատանա: Գումար հավաքելը հարթակում հայտնվելու հիմնական, բայց ոչ միակ պատճառն է եղել: Հիմնականում ցանկանում էինք մարդկանցից գնահատական ստանալ՝ պետք է անել, թե՝ ոչ: Քանի որ մենք որպես՝ բիզնես, դեռ չենք կայացել՝ ստարտափ ենք ու գաղափարի հետևից ենք գնում, մարդիկ կարող են իրենց առաջարկներով, նկատառումներով ճիշտ ուղղու վրա դնել:

-Կա՞ն առաջարկներ հավանական օգտատերերից:

-Այո: Մարդիկ չեն ասում՝ էս ի՜նչ վատն է, հակառակ՝ ասում են՝ ինչո՞ւ եք այսպես արել, խորհուրդ կտամ սա փոխեք: Հիմնական առաջարկները հզորության մասին են՝ ֆունդամենտալ են ավելի: Մենք այդ խնդիրների համար լուծումները տեսնում ենք: Կլինեն:

-Իսկ մասնագետների՞ց:

-Այո, IT ոլորտի ներկայացուցիչներն էլ են խորհուրդ տալիս: Մենք անընդհատ փորձում ենք զարգանալ՝ հաշվի առնելով իրենց խորհուրդները: Դրանք շա՜տ տարբեր են՝ պլատան հավաքելու վայրից, մինչև օգտագործված պլաստիկի որակ և քանակ: Մենք ամեն ինչ ենք հաշվի առնելու:

-Ինչքա՞ն ժամանակ է թիմից խլում մեկ նման սարք ստեղծելը:

-Եթե հաշվենք, որ բոլոր մասերը տեղում են և ամեն ինչ պատրաստ է սկսելու համար, երևի ամբողջ սարքը հավաքելու գործընթացը տևում է 1 օր: Այն գումարը, որը մենք փորձելու ենք ստանալ կարևոր մասերը, ֆորմաները ձեռք բերելու համար են: Այս ամենը կարգավորելու,  դիզայնը վերջացնելու համար, մոտ 2 ամիս է պետք: Մտածում ենք, որ  հետագայում այդ գործընթացը կարագանա: Իհարկե, դա կախված է պատվերներից:

-Իսկ դիզա՞յնը. սարքը գունային լուծումներ ունենալո՞ւ է թե ոչ, տեխնիկապես ավելի հզորանալո՞ւ է, թե այսքանը բավական է:

-Հզորության մասով ասեմ, որ աշխատանքներ տարվում են: Գունային  ներկապնակը մեծ է մեզ մոտ, ամեն պատվերի ժամանակ պատվիրատուն ստանում է ձևաչափ, որտեղ նշում է, թե ինչ գույն է ցանկանում լինի իր Lightr-ը:  Հիմա մոտ 5 գույն ունենք, բայց անհատական պատվերներ էլ կարող են լինել և իր նախընտրած  գույնը կարող է պատվիրատուն որոշել: Իրական աշխարհում ինչ գույն կա, մենք կարող ենք ստանալ:

-Անշուշտ, նախատեսում եք սարքը դուրս բերել միջազգային շուկա՝ որպես եզակի լուծումներով արտադրանք: Մրցակցությունը ինչպե՞ս է լինելու, օրինակ, Xiaomi բրենդի հետ, որը ունի լիցքավորիչների անհավանական հավաքածու՝ սկսած ամենամեծերից, վերջացրած ամենահզոր և փոքր  տարբերակները: Լոկալային լուծումներ լինելո՞ւ են, թե ոչ:

-Իրականում սկզբից մենք հասկացել էինք, որ միտքը լիցքավորիչի համար յուրահատուկ է և ինչ-որ չափով համապատասխանում է քրաուդֆանդինգին, ու հիմնականում մենք հարթակ մտել ենք նրա համար, որ ապրանքը միջազգային շուկա դուրս հանենք: Բոլորի համար լինելու է այս լուծումը՝ չի լինելու, որ Հայաստանի համար լինի սա, ԱՄՆ-ի համար՝ ուրիշ: Մենք ունենք պատվերներ արտասահմանից, որը պատվերների մեծամասնությունն է կազմում:

-Որտե՞ղ եք նախատեսում իրեն վաճառել և ե՞րբ:

-2019 թվականից ավելի պարզ կդառնա, նախատեսում ենք, որ էլեկտրոնիկայի խանութներում կլինեն, կարող են նաև պատվիրել օնլայն: 2019 ապրիլին մասսայական արտադրանքի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի:

 

Հարցազրույցը՝ Սյուզան Թոսունյան

Աղբյուրը՝ Tert.am