Դիլիջանում մեկնարկել է ամենամյա Business Inovation Forum-ը

Դ-իլիջանում մեկնարկել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:

Բիզնես ինովացիոն ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման և ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, «Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ֆորումի աջակից Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:

ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է  Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Ըստ այդ ռազմավարության Հայաստանը 2050 թվականին պետք է ունենա 5 մլն ազգաբնակչություն՝ շնորհիվ բարձր տեխնոլոգիաների հիմքով ստեղծված տնտեսության։ Հակոբ Արշակյանն իր ելույթում մի քանի համաշխարհային օրինակ բերեց՝ Սինգապուրի և Իսրայելի տեխնոլոգիական փորձերի հիման վրա։

«Երբ երկիրը դնում են բարձր տեխնոլոգիական արտադրական ինդուստրիալ զարգացման ճանապարհի վրա,  նույնիսկ տարածքը, ոչ թե երկիրը, տվյալ տարածքում բնակչության ներհոսք է նկատվում՝ ոչ միայն մասնագետների, այլ նաև սպասարկողների, զբորսաշրջիկների տեսքով։ Արդյունքում բնակչության աճ է արձանագրվում։ Այսպիսով՝  Հայաստանը, որդեգրելով արտադրական հզորությունների գիտահետազոտական տնտեսության աճի քաղաքականությունը, որոշել է գնալ այդ ուղղությամբ։ Ինչես գիտեք, մենք միկրոէլեկտրոնիկայի, ալեհավաքների, բարձր հաճախությունների բամաթիվ ինստիտուտներ և գործարաններ ենք ունեցել և դրանով է պայմանավորված եղել 1965-1990 թվականների ներգաղթն ու բնակչության աճը»,- իր խոսքում նշեց Հակոբ Արշակյանը։ 

Նման տնտեսություն մշակելու համար ՏՏ նախարարը կարևորեց մի քանի գործոն՝ որակյալ բրենդով խոսել Հայաստանի մասին դրսում, ներգրավել համաշխարհային հզոր ՏՏ ընկերություններին հայկական տեխնոլոգիական ոլորտ՝ մասնաճյուղեր բացելու կամ ներդրումներ կատարելու տեսքով։ Հակոբ Արշակյանը այս ամենի հիմքում տեսնում է որակյալ կրթությունը և այդ արդյունքում նաև գիտական համայքնի ձևավորումը։

6-րդ Բիզնես ֆորումը նաև առանձնացավ նրանով, որ առաջին անգամ դրան մասնակցում էր ԱԱԾ պետը։ Ֆորումի ընթացքում  Ազգային անվտանգության  ծառայության պետ Արթուր Վանեցյանի և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվեց «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:

«Պետք է համագործակցության հարթակ ստեղծվի այս ֆորումի համատեքստում։ Անվտանգությունը, կներեք, բայց միայն սահմանին կանգնած զինվորով չի սահմանափակվում, անվտանգությունը լայն հասկացություն է և մենք պետք է կարողանանք ճիշտ ուղղով գնալ այդ հարցում։ Երևի պատկերացնում եք, որ ԱԱԾ-ն ոչ միայն  ուժային, այլ նաև՝ ինտելեկտուալ մաս պարունակով կառույց է, որը հիմնված է մի քանի հարցերի շուրջ՝ տվյալների անալիտիկա, որը ԱԱԾ-ում մինչ օրս լիարժեք ներդրված չի  եղել։  Սակայն այստեղ հիմնական աշխատանքը վերլուծություններն են՝ ֆինանասական, տնտեսական և այլն։ Հետևաբար, մենք պետք է օգտագործենք մեծ վերլուծությունների գործիք՝ կանխատեսումներ կատարելու համար։ Այդ առումով շատ կարևորում ենք համագործակցությունը IT համայնքի հետ։ Կարևոր է նաև կիբեռանվտանգության հարցը։ 1 ամիս առաջ մեր ծառայությունում ստեծվել է նոր ստորաբաժանում, որը պատասխանատու է լինելու հենց վիրտուալ անվտանգության համար»,- նշեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Բիզնես ինովացիոն ֆորումի մյուս առանցքային թեմաներն էին՝

  • Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում
  • Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ՀՀ մարզերում
  • Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում
  • Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը
  • Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի զարգացումը Հայաստանում

Ֆորումի ընթացքում ներկաները բաժանվելով երեք մեծ խմբի փորձեցին լուծումներ առաջարկել տեխնոլոգիական ու առհասարակ հայաստանյան կրթությունը բարձր մակարդակի վրա դնելու համար։ Քննարկվեցին տարրական դպրոց, ավագ դպրոց, քոլեջներ և համալսարաններ բարձր տեխնոլոգիական ճիշտ կրթություն ներդնելու ձևաչափեր։

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում մշակվում է Հայաստանի արդիականացման ծրագիր:  Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ: Բիզնես ինովացիոն ֆորումի միջազգային բանախոսներն են ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը և Գերմանիայի Innovation Radicals ընկերության փորձագետ Մասիար Մաշատը :

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

Սյուզան Թոսունյան