«Այբ»-ի նորարարական փորձը կկիրառվի Մոսկվայում

«Այբ» կրթական հիմնադրամի և Մոսկվայի նորարարությունների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման ու ժամանակակից քաղաքների զարգացմանն անհրաժեշտ նոր տեխնոլոգիական լուծումների համատեղ մշակման,  երիտասարդ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ՝ կիրառելով «Այբ»-ի փորձառությունը նորարար տեխնոլոգիաների ոլորտում։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն իր խոսքում նշել է, որ Մոսկվայի նորարարությունների գործակալությունը զբաղվում է կրթության մեջ  ամենաժամանակակից լուծումները գտնելով, մշակելով և ներդնելով, և համագործակցության շրջանակում կողմերը փորձելու են հետաքրքիր կապ ստեղծել տեխնոլոգիական ու կրթական ոլորտների և իրական բիզնես միջավայրի միջև։

«Ուրախ ենք, որ այն փորձառությունը, որը մենք կուտակել ենք տարիների ընթացքում՝ կրթական տարբեր նախագծեր իրականացնելով և հատկապես «Այբ» դպրոցն ու դպրոցում դասավանդվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստեղծելիս ու զարգացնելիս, այսօր հասել է այն փուլին, երբ մենք կարող ենք այն հասանելի դարձնել նաև Հայաստանից դուրս՝ այլ հաստատությունների համար։  Մեզ իրապես փոխշահավետ և հեռանկարային համագործակցություն է սպասում», – ասել է Սոնա Կոշեցյանը։

Իր հերթին Մոսկվայի նորարարությունների գործակալության գործադիր տնօրեն Ալեքսեյ Պարաբուչևը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցության մեկնարկը՝ ընդգծելով, որ գործակալությունը պարբերաբար վերադառնում է կրթության ոլորտում նորարարական զարգացումը խթանող մոդելներ գտնելու թեմային։

«Այն, ինչ մենք փնտրում էինք, գտել ենք «Այբ» դպրոցում, որը մեծ առաջընթաց է գրանցել։ Այստեղ կա հսկայական փորձ, որը դպրոցը պատրաստ է տարածելու։ Մեր համագործակցությունը կարող է լինել բազմազան․ մենք կարող ենք միավորել առարկայական և գործնական գործունեությունը, որին ականատես եղանք դպրոցի ֆաբլաբում, ինչպես նաև ձեր փորձը՝ բիզնեսի համար որոշակի առարկայական խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ «Տեխնոգրադ» նախագծի ձևաչափի շրջանակում», – պարզաբանել է Ալեքսեյ Պարաբուչևը։

Գործակալության տնօրենը նաև նշել է, որ «Այբ»-ի հետ մշակված նոր լուծումները կներդրվեն Մոսկվայում և հետագայում հասանելի կլինեն նաև այլ քաղաքներում։

«Այբ» կրթական հիմնադրամի մասին

«Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար:

Մոսկվայի նորարարությունների գործակալության մասին

Մոսկվայի նորարարությունների գործակալությունը նպատակ ունի զարգացնելու նորարարական ենթակառուցվածքը, ապահովելու բարձր տեխնոլոգիաների ընկերությունների մուտքը շուկաներ և դիրքավորելու Մոսկվան որպես թվային քաղաք ու համաշխարհային շուկայի լիիրավ մասնակից։