«Ծրագրավորման ժամ» միջոցառումն անցկացվեց նաև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

«Ծրագրավորման ժամ» միջոցառումն անցկացվեց նաև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ` այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումն անցկացվեց նաև Լոռու մարզում տեղակայված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Արդեն երկրորդ տարին է, ինչ այս միջոցառումն անցկացվում է նաև այն համայնքներում, որտեղ ծրագրեր է իրականցնում Հայաստանի մանուկներ հիմնադրամը։ Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Ձորագյուղ, Եղեգնուտ և Վահագնի համայնքների ավագ դպրոցի 50-ից ավելի աշակերտներ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից հիմնված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ծանոթացան ծրագրավորմանը, առաջին անգամ գրեցին իրական կոդ և լուծեցին տրամաբանությունը զարգացնող տարբեր խնդիրներ։ Եվ այս ամենը մասնակիցները սովորեցին խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի, գյուղական համայնքներում հավասար հնարավորություններ ապահովելով, զարկ տալու տեղական տնտեսական զարգացմանը։ Մենք ջանք չենք խնայում, որ ոչ ֆորմալ կրթության առաջատար միջազգային փորձը ներկայացված լինի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Այս իմաստով շատ գնահատելի է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում արդեն երկրորդ անգամ «Ծրագրավորման ժամ» միջոցառման անցկացումը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կապում է գյուղական համայնքները աշխարհի տարբեր կետերի հետ, այլև իրազեկում ու քաջալերում է ավագ դպրոցի աշակերտներին՝ հավաստիացնելով, որ ծրագրավորումը հասանելի ու հասկանալի է բոլորի համար»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Իննեսա Գրիգորյանը։

Հայաստանյան առաջատար «Renderforest» ընկերությունը, մշտապես փորձելով աջակցել Հայաստանում ծրագրավորման զարգացմանը, միացավ այս նախաձեռնությանը։ Ընկերության ՏՏ մասնագետներն աշխատեցին միջոցառման մասնակիցների հետ տարբեր խնդիրների շուրջ, լուծեցին ծրագրավորմանն հետ առնչվող խնդիրներ, իսկ միջոցառման վերջում մասնակիցների համար «Ավելին քան ծրագրավորում»  թեմայով սեմինար անցկացրեց ընկերության ծրագրավորող Խաչատուր Վիրաբյանը և ներկայացրեց, թե ինչպիսի մասնագիտական հնարավորություններ կարող են ունենալ երեխաները՝ ընտրելով ծրագրավորողի մասնագիտությունը։

«ՍՄԱՐԹ կենտրոնի նման հաստատությունները հնարավորություն են ընձեռում գյուղական համայնքներում բնակվող երեխաներին հարստացնել իրենց գիտելիքները և զարգացնել նրանց հմտությունները, և մենք ամեն կերպ փորձում ենք օգտվել այդ ենթակառուցվածքներից և կազմակերպել ծրագրավորմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ «Ծրագրավորման ժամ» միջոցառումը հիանալի հնարավորություն է երեխաների մոտ ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը: