Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ

«2019-ի փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ», – այս մասին Դիլիջանում ընթացող 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Ա. Եսայանը մասնավորապես նշել է, որ Թայվանում հանդիպումներ է ունեցել Թայվանի Taitra՝ 63 երկրներում գործող առեւտրային կազմակեերպության  նախագահ Ջեյմս Հուանգի, Hsinchu գիտության եւ տեխնոլոգիաների խոշորագույն պարկի ղեկավարի, Թայվանի տեղեկատվական ծառայությունների արդյունաբերության նախագահ Իվոն Չուի, DIGITIMES-ի նախագահ Քոլեյ Վանգի եւ այլ առաջնորդների հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջիններիս Հայաստան այց կատարելու մասին: Պատվիրակների աշխատանքային խմբում կլինեն նաեւ մասնագետներ, ովքեր 1985 թվականին հաջողությամբ մշակել են Թայվանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:

ԱՏՁՄ-ն կկազմակերպի աշխատանքային հանդիպումներ Թայվանի պատվիրակների, ՀՀ Կառավարության  եւ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության եզրեր ստեղծելու նպատակով:

Նշենք, որ Դիլիջանում ընթանում է  6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրել է  Կառավարության կողմից մշակված Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում ԱԱԾ-ի և ԱՏՁՄ-ի  միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը՝ ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:

Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: