Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում նոր գրասենյակ կառուցելու համար

Ամերիկյան Alphabet հոլդինգի կազմում ընդգրկված Google ընկերությունը մտադիր է 1 մլրդ դոլար ներդնել Նյու Յորքում նոր գրասենյակ կառուցելու գործում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական գծով տնօրեն Ռութ Փորաթին:

Ինչպես նշվում է, Ներքին Մանհեթենի Հադսոն Սքուեր շրջանում տեղակայված երկու նոր շենքը՝ ընդհանուր 160 000 քառ. մետր մակերեսով, կբացվեն 2020-2022 թվականներին:

Ավելի վաղ որոնողական հսկան 2,4 մլրդ դոլարով ձեռք էր բերել Մանհեթենի Չելսի թաղամասում գտնվող Չելսի-Մարքեթ շենքը: Այս ձեռբերումները, Փորաթի խոսքով, կօգնեն կրկնապատկել ընկերության աշխատակիցների թիվը Նյու Յորքում, որտեղ ներկա պահին 7000 մարդ է աշխատում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր, որ Apple-ը մտադիր է 1 մլրդ դոլար ծախսել Օստինում (Տեխաս) երկրորդ մասնաշենքը կառուցելու համար, որը 15 000 աշխատատեղ կունենա:

Ամերիկյան ընկերություններն այսպիսով ցանկանում են ավելի շատ աշխատատեղեր ստեղծել հայրենիքում: