LG-ին ծալվող էկրանով հեռուստացույցները վաճառքի կհանի 2019-ին

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերության ծալվող էկրանով նորարարական հեռուստացույցը, որի նախնական օրինակի շնորհանդեսը կայացել էր CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, այս տարվանից վաճառքում կհայտնվի:

Ինչպես նշում է cnet.com-ը, OLED էկրանով հեռուստացույցը միացված ժամանակ որևէ արտառոց բանով աչքի չի ընկնում: Սակայն երբ այն անջատվում է, էկրանն անմիջապես ծալվելով հավաքվում է տակդիրի մեջ: Արդյունքում մնում է միայն ուղղանկյունաձև տակդիրը:

https://www.instagram.com/p/BsYlRioH1lq/

Հայտնի է, որ հեռուստացույցը վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Թեև դրա գինը դեռևս չի հայտարարվել, ենթադրվում է, որ այն շատ թանկ կլինի: Հեռուստացույցի էկրանը կունենա 65 դյույմ անկյունագիծ:

LG-ի մասնագետները նշել են, որ էկրանի ծալվելու ունակությունը փորձարկվել է 50.000 անգամ ու դրա հետևանքով որևէ ճաք կամ վնասվածք չի նկատվել: Նրանց խոսքով՝ օրական ութ անգամ միացվելու ու անջատվելու դեպքում, հեռուստացույցը կծառայի 17 տարի: