Վիքիպեդիան նշում է 18-ամյակը

Վիքիպեդիան նշում է 18-ամյակը

Այսօր ամենագործածվող հանրագիտարաններից մեկը՝ Վիքիպեդիան նշում է իր ծննդյան 18-րդ տարին։

Հարթակի պատմությունն սկսվում է  2001 թվականի հունվարի 15-ից, երբ  հիմնադիրներ Ջիմմի Ուելսն ու Լարի Սենգերը ներկայացրին այն: Սկզբում հարթակը մեկ այլ օնլայն հանրագիտարանի՝ Նուպեդիայի  կցորդն էր համարվում: Բայց, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում մասսայականություն էր ձեռք բերել, հեղինակները որոշեցին Վիքպեդիայից առանձին հարթակ ստանալ։ Կայքը հարթ ու հասանելի ճանապարհով չի  զարգացել: Բայց շատ դժվարություններ հաղթահարելուց հետո  այսօր արդեն մոտ 40 մլն վիքիհոդված ունի ` շուրջ 300 լեզվով։ Չնայած Վիքիպեդիայի ամենահին խմբագրումներն ու հոդվածները համարվում են հեղինակների այսպես ասած՝ սևագրերը, բայց պաշտոնապես Վիքի առաջին հոդվածը պատականում է UuU-ին, որը գրվել և թողարկվել է 2001 թվականի հունվարի 16-ին։ Վիքիպեդիայի ծնունդը նշում են բոլոր երկրներում։ Հայաստանը բացառություն չէ։ ittrend.am-ը Վիքիպեդիա Հայաստանի հիմնադիր Սուսաննա Մկրտչյանի հետ զրուցել է հարթակի զարգացումների ու առաջիկա անելիքների մասին։

Հայերեն Վիքիպեդիան առաջին քայլերն արել է 2004 թվականից, սակայն թռիչքային զարգացել է 2013 թվականից, երբ հիմնադրվեց Վիքիմեդիա Հայաստանը։ Վիքիպեդիայում առաջին խմբագրումները արել են  Լիլիթ Գաբյանը, Մհեր Բեքարյան, Ալեքսեյ Չալաբյանը, Մարո Աղասարյանը, Վաչագան Ղռաթյանը և այլոք։ Իսկ ահա Վիքիմեդիա Հայաստանը  հիմնվել է Սուսաննա Մկրտչյանի՝ Վիքի Տատիկի,  նախաձեռնությամբ և ակտիվ խմբագիրների օժանդակությամբ։

«Վիքիպեդիան ամբողջացնել հնարավոր չէ, այն աճող օրգանիզմ է, այն զարգանում է կամավոր ներդրումների շնորհիվ, և յուրաքանչյուրս պետք է մեր լուման ունենանք նրա զարգացման գործում։ Ի դեպ դուք խմբագրու՞մ եք Վիքիպեդիան։ Հայերեն բավանդակությունը ստեղծվում է թե վստահելի աղբյուրների միջոցով նոր հոդված ստեղծելով և թե տարբեր լեզուներով վիքիպեդիաներից թարգմանություններով։ Մի քանի օր առաջ հայերեն Վիքիպեդիան հատեց 250000 հոդվածի սահմանը»,- նշում է Սուսաննա Մկրտչյանը։

Վիքիպեդիան, թեև արդեն իսկ կայացած հարթակ է, բայց այնուամենայնիվ պակաս բաներ կան, Սուսաննա Մրկտչյանը նշում է հիմնական կարևոր բացը․

«Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որ ստեղծվում է կամավորությամբ, ուստի այն հասուն մասնագետների ներգրավման կարիք ունի։ Իհարկե նաև ֆինանսական միջոցների, տեխնիկական և ծրագրային ապահովումները պատշաճ մակարդակում պահելու և զարգացնելու համար, ինչպես նաև իրազեկման, խրախուսման և բազմաթիվ լոկալ և միջազգային հավաքներ կազմակերպելու համար»։ 

Խոսելով զարգացումների մասին Սուսաննա Մկրտչյանը նշու է, որ առաջիկա տարին կարևորելու են կրթական բովանդակության զարգացումը, շարունակելու են «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։

Այս տարիների ընթացքում հայկական Վիքիպեդիան զարգացել ու  հարստացել է թե՛ քանակապես, թե՛ որակապես։ Իսկ տիկին Սուսաննան ընթերցողին կոչ է անում միանալ, հազարավոր կամավորներին և իրենց որակյալ ներդրումն ունենալ ազատ գիտելիքի ստեղծման գործում և դրանով իսկ խորը գիտելիք ձեռք բերել։ Չէ որ սովորելու ամենալավ եղանակը ստեղծագործաբար սովորելն է։

 

Սյուզան Թոսունյան