Nike-ը քուղերն ինքնուրույն կապող, հավելվածով կառավարվող մարզակոշիկներ է ներկայացրել

Ամերիկյան Nike ընկերությունը ներկայացրել է «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մոտիվներով ստեղծված նոր մարզակոշիկներ, որոնց քուղերն ինքնակապվող են: Ինչպես նշում է Daily Mail-ը, 350 դոլար արժողությամբ Nike Adapt BB մարզակոշիկները կառավարվում են սմարթֆոնի հավելվածի միջոցով:

Դրանք նախատեսված են բասկետբոլ խաղալու համար: Մարզակոշիկների քուղերն ավտոմատ կերպով կապվում կամ արձակվում են կոճակի մի հպումով, կամ էլ հավելվածի միջոցով: Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 17-ից, ու ակնկալվում է, որ առաջին խմբաքանակն անմիջապես կսպառվի:

Ընկերության մասնագետները նշել են, որ կրողները կարող են հատուկ կարգավորումների միջոցով որոշել, թե որքան պինդ ու ձիգ պետք է քուղերը կապվեն: Հայտնի է, որ նախքան այս, մարզակոշիկները փորձարկել են պրոֆեսիոնալ բասկետբոլիստներն ու գոհ են մնացել: