Լուսնի վրա ծլած առաջին բույսը չորացել է

Լուսնի հակառակ կողմի վրա պատմական վայրէջք կատարած չինական Chang’e-4 ավտոմատ միջմոլորակային կայանի վրա օրեր առաջ ծիլ տված բամբակի սերմը չորացել է, հայտնում է The Guardian-ը:

Հայտնի է, որ սարքը Երկրից տարբեր բույսերի սերմեր է տարել՝ պարզելու համար՝ արդյոք դրանք կկարողանան աճել լուսնային միջավայրում:

Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի օր առաջ բամբակի ծլած սերմը գիտնականներին հույս էր տվել այն հարցում, որ ապագայում մարդիկ Լուսնի վրա մթերք աճեցնելու հնարավորություն կունենան:

Հայտնի է, որ բույսը սնվում էր Լուսնի մակերևույթի վրա ընկած Արևի լույսով, սակայն երբ գիշերը եկել է, ջերմաստիճանն ընկել է Ցելսիուսի սանդղակով 170 աստիճանի: Դրա հետևանքով բամբակի սերմի կյանքն ավարտվել է:

Նշվում է, որ Chang’e-4 սարքը «քնի» ռեժիմում է գտնվում կիրակի օրվանից, երբ վայրէջքից հետո սկսվել է առաջին լուսնային գիշերը: Աղբյուրը մանրամասնում է, որ Լուսնի վրա գիշերը տևում է մոտ երկու շաբաթ: Դրանից հետո կայանը կրկին կարթնանա:

Կայանին կից Yutu-2 լուսնագնացը ցերեկվա ժամերին, երբ Արևը կիզիչ է, ու ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 120 աստիճանի, ևս «քնի» ռեժիմում է գտնվել: Ի տարբերություն Երկրի՝ Լուսինը մթնոլորտ չունի ջերմաստիճանային ծայրահեղ փոփոխություններին դիմակայելու համար: