Հայտնի է Volkswagen Passat-ի ութերորդ սերնդի տեխնիկական բնութագիրը

Գերմանական Volkswagen ընկերությունը ցուցադրել է եվրոպական շուկայի համար նախատեսված նորացված Passat B8 ութերորդ սերնդի մոդելը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մեքենայի արտաքին փոփոխություններն աննշան են: Նշանակալի փոփոխությունները նկատելի են էլեկտրոնիկայի մասով: Մեքենան համալրվել է մի շարք նոր գործառույթներով, որոնք կոչված են օգնելու վարորդին:

Խոսքը տարբեր ծառայությունների մասին է, այդ թվում՝ ինտերնետ-ռադիոյի և իրական ժամանակում խցանումների մասին տեղեկություններով նավիգացիոն համակարգի:

Արտաքինի մասով փոփոխությունները վերաբերում են ռադիատորի վանդակաճաղերին, թափարգելին և լուսարձակներին:

Նորույթի շարժիչային համակարգը ներառում է երեք բենզինային շարժիչ՝ 150, 190 և 240 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև հին ու նոր դիզելային շարժիչները:

Մեքենան կարող է ներկայանալ նաև հիբրիդային տարբերակով՝ 1,4 լիտր ծավալով բենզինային շարժիչով (156 ձիաուժ) և 115 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով: Նորույթի վաճառքը կմեկնարկի մայիսին: