Bugatti-ն իր 110-ամյակի առթիվ ներկայացրել է Chiron Sport-ի նոր տարբերակը

Հեռավոր 1909թ. արդյունաբերական դիզայներ Էտորե Բուգատին ներկայացրել է իր առաջին մեքենան՝ Type 10-ը, որով էլ ծնունդ է տվել լեգենդար ավտոբրենդին: Այժմ Bugatti-ն իր ստեղծման 110-ամյակի կապակցությամբ ներկայացրել է Chiron Sport հիպերքարի կատարելագործված տարբերակը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն կոչվում է Chiron Sport 110 ans Bugatti և արտադրվելու է սահմանափակ քանակությամբ:

Մեքենան, օրիգինալ մոդելի համեմատ, կրել է և՛ արտաքին, և՛ ներքին դիզայներական փոփոխություններ: Դրա դիզայնում ավելացվել են Ֆրանսիայի դրոշի գույները՝ կապույտ, սպիտակ, կարմիր:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն չի փոփոխվել: Մեքենան համալրված է 8 լ աշխատանքային ծավալով, 1479 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,5 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը հասնում է 420 կմ/ժ-ի:

Chiron Sport 110 ans Bugatti-ն կարտադրվի 20 օրինակով: Դրա գինը հայտնի չէ: