Հաքերները ուղարկում են խայտառակող տեսանյութ հրապարակելու սպառնալիքներ. Սամվել Մարտիրոսյան

Կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հաքերները կեղծ նամակներ են ուղարկում՝ սպառնալով օգտատերերին։ Մասնավորապես հաքերները նշում են, որ իրենց մոտ առկա է տվյալ օգտատիորջ մասին պատմող տեսագրություն և այն չհրապարակելու համար գումար են պահանջում։

Այսօր բազմաթիվ մարիդկ ստանում են նամակներ, ուր իրենց սպառնում են հաքերները և գումար պահանջում։ Ի՞նչ են ուզում հաքերները։ Էլեկտրոնային նամակում գրված է, որ իրենք գիտեն ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Եվ, հաճախ, իսկապես գրում են գաղտնաբառը, սովորաբար, արդեն հինը, որը մարդ փոխել է, բայց իսկականն է։ Հետո սպառնում են, որ, իմանալով գաղտնաբառը, իրենք կարողացել են ներխուժել համակարգ կամ էլեկտրոնային փոստ, վիրուս տեղադրել սարքում և գաղտնի տեսագրել մարդում։ Ու հիմա սպառնում են ինչ-որ խայտառակող տեսանյութ հրապարակել, եթե մարդ գումար չվճարի։

Իրականում սա խաբեություն է։ Հունվարի կեսերին ինտերնետում հայտնվեց մի մեծ, միլիարդանոց էլեկտրոնային փոստերի և դրանց գաղտնաբառերի արխիվ։Դա տարբեր տեղերից տարբեր ժամանակներին գողացած տվյալներ էին։ Հիմա կիբերհանցագործները այդ արխիվի ցուցակով բոլորին ուղարկում են նման նամակ՝ հույս ունենալով, որ մարդու վրա կազդի այն, որ իսկական գաղտնաբառն է տեսնում, կվախենա ու գումար կփոխանցի։ Սա արվում է ավտոմատացված, հազարներով, մի քանի մարդ էլ ամսեկան գումար փոխանցի արդեն լավ կլինի հանցագործների համար։

Այնպես որ, մի խաբվեք, մի խառնվեք,  պարզապես նամակը report spam տվեք։ Եթե հանկարծակի էս պահին գործող գաղտնաբառն էր գրված, բնականաբար, փոխեք այն։ Անհանգստանալու բան չկա։