Կալաշնիկովն ամռանը ռոբոտների նոր սերունդ կներկայացնի

Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը մտադիր է «Բանակ-2019» ցուցահանդեսին ցուցադրել մարտական ռոբոտատեխնիկայի բնագավառում նոր մշակումները: Այդ մասին «Ինտերֆաքս»գործակալությանը հայտնել է կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Դմիտրիևը:

«Այն ամենը, ինչ ունենք, ցուցադրում ենք «Բանակ» ցուցահանդեսի ժամանակ: Այս տարի «Բանակ-2019»-ը կանցկացվի հունիսին»,- ասել է Դմիտրիևը:

Հայտնի է «Կալաշնիկով» ընկերության կողմից «Սորատնիկ» մարտական ռոբոտի մշակման մասին, որը կարող է օգտագործվել և՛ որպես հետախուզական մեքենա, և՛ զինամթերքի ու վառելիքի տեղափոխման, և՛ վիրավորների տարհանման համար:

Մինչև 7 տոննա քաշի դեպքում մեքենան կարող է 40 կմ/ժ արագություն զարգացնել: Կոնցեռնը փորձարկել է «Սորատնիկ»-ը, սակայն մտադիր չէ դրա արտադրությունը սկսել։