«Կարիերայի անցում դեպի ՏՏ». խորհուրդներ սկսնակներին առաջատար մասնագետներից

«Կարիերայի անցում դեպի ՏՏ». խորհուրդներ սկսնակներին առաջատար մասնագետներից

Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի, Staff.am աշխատանքային հարթակի և ISTC կենտրոնի համագործակցությամբ Երեւանում առաջին անգամ մեկնարկել է «Կարիերայի անցում դեպի ՏՏ» կարիերայի կողմնորոշման հատուկ նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը  բոլոր նրանց համար է,  ովքեր փորձում են այլ ոլորտներից անցում կատարել տեխնոլոգիաների աշխարհ: Նախաձեռնության նպատակն է աջակցել ՏՏ ոլորտ ձգտող մասնագետներին համապատասխան խորհրդատվությամբ, ոլորտում կողմնորոշվելու խորհուրդներով և  մարտահրավերները հաղթահարելու և հաջողելու բանալիներով:

Նախաձեռնությանը մասնակցել են  Հայաստանում գործող 8 առաջատար ՏՏ ընկերության մարդկային ռեսուրսների բաժինների ղեկավարներ, այդ թվում՝ Synergy, SFL, Webb Fontaine, Rockbite Games, Joomag, Ginosi, Benivo և 10Web:

«Սա բացառիկ հնարավորություն էր ՏՏ-ում աշխատանք փնտրողների համար ոչ միայն պարզապես ծանոթանալու ոլորտում առաջատար ընկերությունների ներքին մշակույթին,  այլ նաեւ նրանց ուղղել հուզող հարցերն ու բացահայտել աշխատանքի ընդունման նրանց քաղաքականությունը», – պատմեց Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը:

«Կարիերայի անցում դեպի ՏՏ» նախաձեռնության մասնակիցները  հնարավորություն ունեցան տեղեկատվական հարթակի շնորհիվ ծանոթանալ մի քանի ընկերություններում առկա աշխատատեղերին և վերապատրաստման հնարավորություններին:

«Այս նախաձեռնությամբ մենք կարողացանք ցույց տալ, որ ՏՏ-ն որքան էլ որ գրավիչ է, միունույն է մեծ ջանքեր է պահանջում հաստատվելու եւ հաջողության հասնելու համար: Բայց եթե կա սովորելու եւ անձնային զարգացման հստակ մտադրություն, ապա պետք է ամուր առաջ շարժվել», – պատմեց Staff.am հարթակի համահիմնադիր եւ ղեկավար Լուիզա Ավետիսյանը:

 «Կարիերայի անցում դեպի ՏՏ» նախագիծը կրելու է պարբերական բնույթ։ 

Թեգեր: Girls in Tech, ICTS, TT