staff.am-ը գործարկել է նոր օնլայն դիմումների համակարգ աշխատանք փնտրողների և գործատուների համար

staff.am-ում շարունակվում են տեխնոլոգիական նորությունները, որի  միջոցով ստարթափ թիմը շարունակում է դարձնել աշխատանք և աշխատակից գտնելու աշխատանքն էլ ավելի արդյունավետ՝ խնայելով ժամանակ թե՛ գործատուի, թե՛ աշխատանք փնտրողի համար։ staff.am-ի համահիմնադիրների հետ զրույցում տեղեկացանք, որ թիմն ակտիվորեն աշխատում է տվյալների հավաքագրման, մեքենայական ուսուցման նոր ալգորիթմների ինտեգրման և Ղազախստանում հարթակը գործարկելու ուղղությամբ։ Վերջինս տեղի կունենա արդեն ապրիլ ամսվա սկզբին։

«Իրականում բավականին շատ են այն փոփոխությունները, որոնք այս ամիս արդեն ներկայացրել ենք, և շարունակում ենք, այդ թվում նաև օնլայն CV կառուցելու լիովին նոր համակարգը, որի շնորհիվ աշխատանք փնտրողները լավագույնս կարող են ներկայանալ պոտենցիալ գործատուին, օնլայն CV-ում տեղադրել վիդեո կոնտենտ և իսկապես տարբերվել աշխատանքի դիմելիս։ Բայց ամենակարևոր ձեռքբերումը, որն արդեն արձանագրել ենք այս տարի, դա ամբողջությամբ data-driven ուղղվածությունն է, որը մեր թիմն ունի։ Յուրաքանչյուր նոր բան սկսելիս, նախ՝ tech թիմի հետ հասկանում ենք թե ինչ տվյալներ պետք կլինի հիմա և հետո, ու ամեն ինչ նախագծում ենք հենց այդ տեսանկյունից»,- նշեց հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

staff.am-ում գրանցված աշխատանք փնտրողներն այժմ ստանում են ոչ միայն այն աշխատանքի ծանուցումները, որոնց բաժանորդագրվել են, այլ նաև մեքենայական ուսուցման ալգորիթմների շնորհիվ համակարգն առաջարկում է այն թափուր աշխատանքները, որոնք համապատասխանում են իրենց փորձին և նախասիրություններին։ Նույնը վերաբերվում է նաև օնլայն թրեյնինգների առաջարկներին։

«Քանի որ մենք գործ ունենք ինչպես աշխատանք փնտրողի, այնպես էլ գործատուի հետ, զուգահեռ աշխատում ենք նաև ընկերությունների համար հարթակի վերազինման ուղղությամբ։ Փետրվարին արդեն իսկ ներկայացանք օնլայն դիմումների համակարգի առաջին փոփոխություններով, որի շնորհիվ HR մասնագետի աշխատանքն այժմ ավելի դյուրին է։ Սակայն ինչպես ավելի վաղ նշել էինք, 2019թ․-ի ընթացքում staff.am-ը գործատուների համար լիովին կվերափոխվի, պատրաստ կլինի թեկնածուների կառավարման արհեստական բանականությամբ աշխատող HireBee.ai համակարգը, որի համար այժմ ակտիվորեն տվյալների հավաքագրում ենք կատարում»,- նշեց staff.am-ի համահիմնադիր Վահե Ավետիսյանը։

staff.am-ում  տեղեկացանք, որ թեկնածուների կառավարման HireBee.ai համակարգը հիմնվում է թեկնածուի և գործատուի եռաշերտ գնահատման վրա, ինչպես նաև գործատուի նախասիրությունների և առանձնահատկությունների վրա, ինչն էլ հենց հանդիսանում է HireBee  համակարգի մրցկակցային առավելություններից հիմնականը։