Mercedes-Benz-ը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի 60 տարի ավտոտնակում մնացած լեգենդար մեքենան

Դասական Mercedes-Benz մոդելների կալիֆոռնիական կենտրոնը հանրությանը ցուցադրել է Mercedes-Benz 300SL Gullwing լեգենդար մակնիշի 43-րդ օրինակը՝ «ճայի թևեր» հիշեցնող ուղղահայաց բացվող դռներով:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, պահպանվել են ավելի քան 60 տարի ավտոտնակում կանգնած մնացած մեքենայի թափքը, արտաքինի և ինտերիերի հարդարանքը և նույնիսկ անվադողերը: Մեքենան մտադիր էին վերանորոգել 1950-ականներին: Այդ իսկ պատճառով մաքրել էին սկզբնական ներկը, բայց այդպես էլ կրկին չեն ներկել:

2018-ին Mercedes-Benz-ը մեքենան սեփականատիրոջից գնել է մոտ մեկ մլն դոլարով: Նշվում է, որ մեքենայի բոլոր մասերը բնօրինակներն են: Պահպանվել է նաև փոխանցման տուփի՝ սագի պարանոցի տեսքով լծակը, որով համալրվել էր առաջին 50 օրինակը: Մեքենայի վազքը կազմել է 57 000 կմ:

Սպորտային մեքենան մտադիր են մի քանի շաբաթից վաճառքի հանել Գերմանիայում: