Հայաստանը փոքր, բայց տեխնոլոգիապես կայացած երկիր է․ Andre Dubois (բացառիկ)

Հայաստանը փոքր, բայց տեխնոլոգիապես կայացած երկիր է․ Andre Dubois (բացառիկ)

Օրերս Հայաստան  էին  ժամանել միջազգային ճանաչում ունեցող Index Ventures ներդրումային հիմնադրամի  ներկայացուցիչները: 10 ներկայացուցիչներ եկել էին Հայաստան՝ տեսնելու, թե ի՞նչ տեխնոլոգիական առաջընթաց է գրանցել Հայաստանը, ի՞նչ զարգացումներ ու առաջարկներ կան այստեղ և իհարկե, լավ գաղափարները ֆինանսավորելու համար: ittrend.am-ը  հանդիպել է Index Ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներից Andre Dubois-ի  հետ և զրուցել ոչ միայն ներդրումներից, այլ նաև հայաստանյան ստարտափներից:

Index Ventures վենչուրային հիմնադրամը ստեղծվել է 1996 թվականին Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում: Ի սկզբանե և  մինչև այսօր կազմակերպությունը  ֆինանսավորում է  խաղային, ինֆրաստրուկտուրային, մոբայլ և կիբերանավտագության ոլորտները:

 

 

 

 

Ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել Hive Ventures հիմնադրամի ներկայացուցիչ Նինա Աչաջյանի հրավերով: 

Andre Dubois-ը Index Ventures հիմնադրամի լոնդոնյան գրասենյակի ներկայացուցիչն է։ Ինվեստորների  թիմին է միացել 2006 թվականից։ Հայաստանում առաջին անգամ էր և հայաստանյան ստարտափների հետ էլ շփումը առաջինն էր:

«Հանդիպել եմ մի քանի ընկերությունների այստեղ, ունեցել ենք մի քանի հանդիպումներ ստարտափների ներկայացուցիչների հետ: Նաև, այսպես ասած, որոշակի դրամական պարգևի համար մրցույթ էինք կազմակերպել ստարտափների համար: Հիանալի է տեսնել, որ այստեղ ընկերությունները բավական ուժեղ են, կոնտենտն էլ բավական խաոստումնալից է: Երեք հաղթող ենք ունեցել: Բոլորն էլ լավն էին»: 


Անդրեն բավական զարմացած էր այն փաստից, որ  թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց նախ ստարտափների քանակով  կարելի է ասել առաջատար է և երկրորդ՝ այստեղի ստարտափներն առաջարկում են միջազգային լուծումներ: Իսկ իրենց մոտ՝ Լոնդոնում կամ Սան ֆրանցիսկոյում, առաջին հերթին բոլոր ստարտափները տեղական շուկան են հաշվի առնում: Սա էլ ունի իր պատճառը՝ տեխնոլոգիական զարգացումների հիմնական դերը բաժին է հասել ԱՄՆ-ին: Ըստ Անդրեի, սա մեր՝ որպես տեխնոլոգիական երկիր կայանալու, կարևոր բաղադրիչներից մեկն է:

 

Անցյալում Index Ventures-ը Հայաստանում ստարտափեր ֆինանսավորելու մասին անգամ չէր էլ մտածում մի պարզ պատճառով՝ չգիտեին, որ Հայաստանում՝ փոքրիկ երկրում, կարելի է հանդիպել նման հետաքրքիր տեխնոլագիական ընկերությունների:

« Հայաստանը մեզ համար հիմա գտնվում է հայտնագործության փուլում: Ներկայումս ներդրումներ չենք անելու, բացի իմ նշած երեք ընկերությունները, որոնց արդեն ֆինանսավորել ենք: Այս այցի ընթացքում մենք բացահայտում ենք մեզ համար Հայաստանը՝ ապագայում ներդրումներ անելու համար կամ հասկանալու՝ թե ինչպես օգնել սկսնակներին այստեղ»:

Համեմատելով Հայաստանը Լոնդոնի հետ` Անդրեն նշում է, որ զարմացած է, թե ինչպես է այստեղ էկոհամակարգը կայացած, ինչպիսի կայուն ու հաստատուն հիմք ունի ոլորտը:

«Մենք գնացել էինք Ամերիկյան համալսարան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հետաքրքիր էր տեսնել երիտասարդ ընկերություններին այստեղ»:

Այստեղ Index Ventures-ի ներկայացուցիչները հանդիպել են 12 -15 ընկերության հետ, զրուցել ստարտափ հիմնադիրների, ընկերության ղեկավարների հետ:

«Մենք ծանոթացանք ընկերության տեսակների, նրանց գործելաոճին: Տարբերությունը Ամն-ի կամ Լոնդոնի և Հայաստանի ընկերությունների միջև կարելի է ասել, որ չափերն են: Պատասխանելով ձեր հարցին, թե ինչ կտայի այստեղի ըկերություններին, ասեմ՝  այստեղ ոլորտը զարգացնելու համար շատ կարևոր է տաղանդի, կրթության, ընկերության քաղաքականության ամբողջական գործածությունը»:

Այստեղ Index Ventures-ի ներկայացուցիչները բացի տեխնոընկերությունների քանակից նաև զարմանքի մեկ այլ առիթ էլ ունեցան:  IT ոլորտում կանանց ու աղջիկների թվից: Անդրեն նշում է՝  կանայք տոկոսային հարաբերակցությամբ թե՛ Լոնդոնում, թե՛ Սան Ֆրանցիսկոյում շա՜տ քիչ են և նրանց ոլորտ են բերում գրեթե համոզելով: Այստեղ զարմանալի էր տեսնել ոչ միայն կին դիզայներների, այլ նաև ծրագրավորողների և ինժեներների: Երիտասարդ ստարտափներին ներդրողների թիրախում էլ հայտնվելու համար Անդրեն խորհուրդ է տալիս․

«Պետք է ունենան լավ գաղափար, սա առաջին հերթին: Պետք է բառի բուն իմաստով ստիպեն մարդկանց խոսել միմյանց հետ: Լինեն խիզախ՝ բիզնես սկսելու համար, ունենան մեծ ամբիցիաներ և աճելու տեսլական: Իրենց գործին վերաբերեն մեծ կրքով և հավատքով՝ որ ամեն ինչ կստացվի: Բացի այս, պետք է կոնտենտ կարողանան վաճառեն, գուցե նաև ներդրողներին»:

Սյուզան Թոսունյան