BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

Ստարտափներով հետաքրքրված և  սեփական նախագծերն իրականացնող  եվրոպացի երիտասարդներ այս շաբաթ Հայաստանում են։ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և  Պորտուգալիայից ժամանած 25 սկսնակ ձեռնարկատերերը երեկ հյուրընկալվել են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ գրասենյակում։

Օրվա խոսնակներն էին՝ Business Angel Network of Armenia-ի եւ «The Crowdfunding Formula»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, BANA-ի փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը և «Sprint» քրաուդանդինգային ֆոնդի ղեկավար Կարեն Վարդանյանը։ Ինտերակտիվ հանդիպմանը Գևորգ Պողոսյանը պատմել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, հայկական ինովացիոն լուծումների մասին եւ կիսվել իր փորձով։ Սոնա Վեզիրյանը ներկայացրել է հրեշտակ ներդրողների գործունեությունը, Կարեն Վարդանյանն էլ ներկայացրել է քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների ֆինանսավորման միջոցի էությունը, առավելություններն ու առանձնահատկությունները:

8 երկրների ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար Հայաստանում ստանում են հմտություններ «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։ Միջազգային փորձագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, վերապատրաստում են մասնակիցներին՝ տալով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ, նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել փոքր բիզնեսը և զարգանալ շուկայի պահանջներին համընթաց: 

Միջազգային ծրագիրն իրագործվում է 3 փուլով՝ սեմինար, այնուհետև երիտասարդական փոխանակման ծրագիր և արդյունքների գնահատում: Ծրագրի գնահատման վերջին փուլը կիրականացվի Ֆրանսիայում՝ 2019-ի հոկտեմբերին:

Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի, ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում: