Հայտնի են DigiCode 2019-ի հաղթողները

Հայտնի են DigiCode 2019-ի հաղթողները

Ապրլի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ  ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը՝ DigiCode 2019-ը: Մրցույթն այս տարի բազմամարդ էր՝ մոտ 300 մասնակից Հայաստանից ու Ջավախքից։ Եզրափակիչ փուլում է հայտնվել 300-ից 55-ը։ Ի դեպ՝ 55 մասնակիցները Հայաստանի բոլոր մարզերն են ներկայացնում։ 

Այս տարին առանձնանում էր նախորդներից, քանի որ դպրոցականները մրցում էին ոչ միայն Scratch և K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, այլև Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով: Ի դեպ, ժյուրիի անդամները մասնագիտական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրավորման լեզուներ տիրապետող արմաթցիների նկատմամբ: Այս տարվա առաջարկվող լուծումներն էլ ավելի են հետաքրքրել ժյուրիի անդամներին։ 

«Մեր նպատակը ոչ թե օգտատերերի, այլ ստեղծողների սերունդ կրթելն է, այնպիսի մարդկանց հնարավորություն ընձեռելը, ովքեր իրենց ստեղծարարությամբ թելադրող են։ Իմ առաջին խաղը 1987-89թթ եմ խաղացել, իսկ այն մակարդակով մի քանի անգամ ավելի ցածր էր ու որակով շատ էր զիջում ներկայիս պատանի խաղ ստեղծողների աշխատանքներին։ Այսօրվա երեխաները ստեղծում են այնպիսի որակի խաղեր, որի մասին մենք՝ 90-ականների պատանիներս երազում էինք։ Սեփական ապագան կերտելու համար պետք չէ 18 տարեկանում սկսել ինչ-որ բաներ անել 25-ում արդյունքի հասնելու համար, պետք է սկսել 12 տարեկանից, 16-ում ունենալ այն, ինչ կարող ես ունենալ 25 տարեկանում, իսկ 25-ում ավելի մեծ նվաճումների ձգտել», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԿոդի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, – «Այս տարի աշխատանքներն ավելի շատ ստեղծագործական էին և ամբողջությամբ արտացոլում էին աշակերտների սեփական գաղափարները: Բացի այդ, չափազանց ոգևորիչ էր նաև, որ եզրափակիչ փուլում փորձառուներին չէին զիջում մեր նորաստեղծ խմբակների աշակերտները: Արմաթների ընդլայնման և ԴիջիԿոդի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության շնորհիվ` նախատեսում ենք մրցույթը վերածել մարզային ձևաչափի, որպեսզի հնարավոր լինի բացահայտել  թաքնված բոլոր տաղանդներին»:

Մրցույթն ինչպես ամեն տարի այս անգամ էլ տևել է մեկ ամբողջ օր և ժուրիի կազմում ընգրկված  Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նատալյա Տուրովցևան (Ucom), Արթուր Խալաթյանը (ՀԱՀ), Արման Պողոսյանը (Ինստիգեյթ), Արման Աթոյանը (Arloopa), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Տիգրան Մինասյանը (Noor Games), Հրաչ Խաչատրյանը (Սայմոթեք) և Գոռ Վարդանյանը (ՖայմԹեք) ընտրել են հաղթողներին։ 

Մինչեւ 13 և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Արցախի ԱՏՏԿ-ի արմաթցի սան Քրիստիան Ալեքսանյանն իր «Հայ զինվոր» խաղով և Սևանի ավագ դպրոցի սաներ Արայիկ Գաբրիելյանն ու Շահեն Հակոբյանն համատեղ ստեղծած «Unknown Soldier» խաղով:

K-turtle ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցի սան Էդգար Հարությունյանն իր «3D ուղղանկյունանիստ պտույտ» նախագծով:

Մինչեւ 13 և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին են արժանացել համապատասխանաբար Գանձակի թիվ 1 դպրոցի սան Թորգոմ Միսակյանը «Արդուինո լաբորատորիա» և Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի սան Արամ Խաչատրյանը «Ուրախ ֆիզիկա» նախագծերով:

Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Տիգրան Խաչատրյանն իր «Բու» խաղով հաղթել է «Լավագույն գծագրություն և դիզայն» անվանակարգում:

Python ծրագրավորման լեզվով «Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու «Ընտանիք կենտրոնի» արմացթի սան Սահակ Սահակյանն իր «Sahak’s bot» ծրագրով: Միևնույն անվանակարգում 2-րդ և 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թալինի ավագ դպրոցի սան Ռոման Մխիթարյանը՝ «CarinSpider» և «Երևան Իմ Սեր» կենտրոնի արմաթցի սան Գրիգոր Մաղզանյանը՝ «RFID camera security» նախագծերով:

Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են դրամական պարգևի։ Ucom ընկերությունը, առանձնահատուկ խրախուսելով դպրոցահասակ արմաթցիների Python ծրագրավորման լեզվի իմացությունը, որպես մրցանակ պլանշետներ է նվիրել այդ անվանակարգի լավագույն եռյակին։